Կառավարությունը պահանջ է ներկայացրել գիտության ոլորտին
Կառավարությունն այսօր հրավիրված իր հերթական նիստում պահանջ է ներկայացրել գիտության ոլորտը ներկայացնող կառուցներին։ Ինչպես հաղորդում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է.
«Այսօր մենք երրորդ խնդիրն ենք առաջադրում, որը վերաբերում է արդեն գիտության ոլորտին։ Մեր բոլոր գերատեսչություններին հանձնարարվում է` համագործակցելով գիտահետազոտական ինստիտուտների, այդ թվում նաև Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների հետ, կառավարություն ներկայացնել այն ծրագրերը, որոնք մշակվել են այդ ինստիտուտների կողմից և կարող են հետաքրքրություն ներկայացնել ներդրողների համար։ Ինչպիսի՞ նախագծեր են մշակված, ինչպիսի՞ բիզնես ծրագրեր կան, ինչպիսի՞ նորարարություններ կան, որոնց մենք կարող ենք օժանդակել, և դա էապես կնպաստի մեր տնտեսության զարգացմանը։ Մենք մանրակրկիտ կուսումնասիրենք այդ նախագծերը, կտեսնենք, թե մեր գիտահետազոտական ինստիտուտները, Ազգային ակադեմիան ի՞նչ առաջարկներ են մշակել, որոնք կառավարության աջակցությամբ կարող են իրականություն դառնալ։ Այսինքն` մեր առաքելությունը կայանալու է նրանում, որ ապահովենք կապը գիտության և մասնավոր հատվածի, իրական հատվածի միջև, ապահովենք ներդրումներ։ Պետության աջակցությունը կլինի, որպեսզի իրատեսական ծրագրերը հնարավորին չափ սեղմ ժամկետում դառնան իրականություն»։
ՀՀ վարչապետը հանձնարարել է բոլոր նախարարներին, որպեսզի իրենց ոլորտին առնչվող գիտահետազոտական ինստիտուտների հետ աշխատելով, ներկայացնեն հիշյալ նախագծերի ցանկը։ Նա առաջարկել է նաև ԳԱԱ-ին` ներկայացնել, թե գիտահետազոտական ինստիտուտներն ի՞նչ պատրաստի առաջարկներ ունեն, որոնք մասնավոր հատվածի հետ համագործակցելով, կարելի է ներդնել ՀՀ-ում։










