Աշոտ Բլեյան. «Կրթական համակարգում պակասում է հարգանքը կրթության սուբյեկտների միջև»
Այսօր «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, խոսելով կրթական համակարգում տեղի ունեցող արատավոր երևույթների մասին, ասաց, որ իշխանությունը և հասարակությունը պիտք է հասկանան, որ, տնօրեններին ու ուսուցիչներին ընտրակաշառք բաժանելով, նրանց փչացնում են. «Եթե ես նման բան անեմ, ապա չեմ կարողանա իմ երեխաների աչքերին նայել։ Խնդիրներից մեկն էլ այն է, որ կրթական համակարգում պակասում է հարգանքը կրթության սուբյեկտների միջև։ Սովորողը և ծնողը պիտի հարգեն ուսուցչին, ուսուցիչն էլ պիտի հարգի աշակերտին»։
Խոսելով 2004թ. կառավարության կողմից ընդունված կրթակարգի մասին՝ Աշոտ Բլեյանն ասաց, որ դա, իհարկե, առաջընթաց է, բայց դրա ողբերգությունն այն է, որ այն կա որպես օրենք, վիրտուալ մի բան։ «Կրթակարգում լավ մոդել է դրված, բայց երբ հասնում է երեխային, դառնում է այլ բան», ասել է ակումբի հյուրը։
Աշոտ Բլեյանի խոսքով՝ 2008թ. մենք չպետք է համեմետվենք մեր հարևանների կամ մեր անցյալի հետ, մեր համեմատության չափանիշը պիտի լինի միջազգայինը. «Մենք որոշակի դժվարություններ ունենք, բայց գոնե հեռանկար ունենանք։ Եթե համեմատելու լինենք Մերձբալթյան երկրներում մեկ սովորողի ծախսերը, կամ որքան աշխատավարձ է ստանում ուսուցիչը, համեմետելու չէ»։
Ըստ Բլեյանի՝ այսօր հանրակրթությունը լուրջ ներդրումների կարիք ունի։ Եվ մենք ծնողին պետք է դիտենք որպես ներդրող։ Բլեյանին անհանգստացնում է նաև այն, որ այսօր անլուրջ վերաբերմունք կա հանրակրթության նկատմամբ։ Բանախոսը նաև ցավով է նկատում, որ այսօր մանկավարժական բանավեճի մասնակցելու պատվեր չկա, որ ԶԼՄ–ներն այսօր շատ թռուցիկ են անդրադառնում հանրակարթական խնդիրներին։
Աշոտ Բլեյանը նաև ասաց, որ դպրոցում ինքը երեխայի իրավապաշտպանն է։ «Երեխան ի ծնե ունի ազատություններ, սակայն դրանք ոտնահարվում են, իսկ ես այդ ազատությունները պաշտպանողն եմ»։ Ինչ վերաբերում է կրթական համակարգում ներդրումներ կատարելուն, Աշոտ Բլեյանն ասաց, որ գործարարներ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, ընտրակաշառքներ բաժանելու փոխարեն, թող ներդրումենր կատարեն հանրակրթության ոլորտում։










