Քննարկվել է Վիլնյուսի համալսարանի և ԵՊՀ միջև համագործակցության հաստատաման հնարավորությունը
Նոյեմբերի 18-ին մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Բալթյան երկրներ։ Այցի շրջանակներում արտգործնախարարը ժամանեց Լիտվա։ Լիտվայի նախագահի և արտգործնախարարի հետ կայացած հանդիպումներից հետո, Էդվարդ Նալբանդյանը այցելեց նաև 1579 թ. հիմնադրված և Արևելյան Եվրոպայում առաջիններից մեկը համարվող Վիլնյուսի համալսարան, ուր հանդիպում ունեցավ համալսարանի ռեկտոր Բենեդիկտաս Ջուոդկայի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվեց Վիլնյուսի համալսարանի և Երևանի պետական համալսարանի միջև համագործակցության հաստատաման հնարավորությունը։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը։
Այնուհետև համալասարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետում նախարար Նալբանդյանը հանդես եկավ «Անվտանգությունը Հարավային Կովկասում. Հայկական հեռանկարը» թեմայով դասախոսությամբ։
Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության հաստատման և անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերին՝ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները` ընգծելով, որ Ադրբեջանում հնչող Մայնդորֆյան հռչակագրի խեղաթյուրված մեկնաբանաթյունները չեն նպաստում փաստաթղթում ամրագրված սկզբունքների իրականացմանը, մասնավորապես վստահության ամրապնդման միջոցների առումով։
Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաև Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրեց հայ-լիտվական հարաբերությունները, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, արցախյան հիմնահարցի հանգուցալուծման հնարավորությունները և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները։ Խոսելով Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների մասին՝ ՀՀ արտգործնախարարը լիտվանահայության ներկայացուցիչներին ասաց, որ Հայաստանի իշխանությունները նպատակադրված են որակապես նոր մակարդակի բարձրացնել Հայաստան-Սփյուռք փոխգործակցությունը և Հայրենիքում Սփյուռքի նախարարության ստեղծումը հենց այդ նպատակն է հետապնդում։ Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց լիտվահայությանը հուզող բազմաթիվ հարցերի։










