Հանդիսավոր նիստ՝ Վիկտոր Համբարձումյանի 100–ամյա հոբելյանի առիթով
Նոյեմբերի 21-ին Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում ակադեմիայի և Բելառուսում Հայաստանի դեսպանության համատեղ ուժերով անցկացվել է հայ մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումյանի հարյուրամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստ, որը վարել է Բելառուսի ԳԱԱ նախագահության նախագահի առաջին տեղակալ ակադեմիկոս Պ. Վիտյազը։
Ինչպես հաղորդում է ՀՀ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը, ներկաների թվում են եղել Բելառուսի ԳԱԱ նախագահության անդամներ, ակադեմիկոսներ, Բելառուսում ԱՊՀ մասնակից երկրների դեսպաններ և ԱՊՀ կառույցներում մասնակից երկրների մշտական լիազոր ներկայացուցիչներ, Հայաստանի կրթության և գիտության փոխնախարար Բ. Եսայանը, ՀՀ դեսպանության դիվանագետներ։ Բացման խոսքով հանդես է եկել Բելառուսում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը։
Աստղաֆիզիկայի ոլորտում աշխարհահռչակ հայ գիտնականի ունեցած մեծագույն ավանդի մասին ելույթներով հանդես են եկել ակադեմիկոսներ Ն. Բորիսևիչը, Ն. Կոզակը, Վ. Աղաբեկովը, Ի. Գայշունը և Բելառուսի գիտության նշանավոր այլ գործիչներ։ Ելույթ ունեցողներն անդրադարձել են նաև Վ. Համբարձումյանի ակտիվ հասարակական գործունեությանը։










