Թուրքիայի համալսարաններում դասավանդելու են հայերեն

11:54 • 27.11.08

Թուրքիայի համալսարաններում քրդերեն և հայոց լեզուների ֆակուլտետների բացակայությունը չի նշանակում, որ այդ լեզուներն արգելված են համալսարաններում, նշել է բարձրագույն կրթության հանձնաժողովի նախագահը` հավելելով, որ եթե համալսարանները նման պահանջ առաջ քաշեին, ապա խնդիրը կդրվեր քննարկման: Այդ մասին հաղորդում է թուրքական Hurriyet թերթը։

Թուրքական համալսարաններն առաջարկում են խորը գիտելիքներ շումերական, ուրդուական և խեթական մշակույթների մասին, սակայն բուհերից և ոչ մեկը մինչ այժմ չունի քրդերեն, հայերեն կամ եբրայերեն լեզուների ֆակուլտետ: Թուրքիայի «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փոխնախագահ Օսման Օզջելիկի՝ վերջերս հնչեցրած առաջարկը՝բացել քրդերենի ֆակուլտետ Ստամբուլի և Դիկլի համալսարաններում ի հայտ է բերել բուհերի այդ բացթողումը:

«Եթե համալսարանները հանդես գան նման առաջարկով, մենք կարող ենք քննարկել այդ հարցը մեր ընկերների հետ և համապատասխան քայլեր ձեռնարկել»,- նշել է Թուրքիայի բարձրագույն կրթության հանձնաժողովի նախագահ Յուսուֆ Զիյա Օզքանը:

Սպասվում է, որ հայոց լեզվի ֆակուլտետը կսկսի գործել հաջորդ տարի Նևսեհիրի համալսարանում: «Անհրաժեշտ է առնվազն երեք մասնագետ, ովքեր կարող են դասավանդել առարկան համալսարանում` նախքան ֆակուլտետը սկսի գործել: Մենք բանակցում ենք մեր երկրի մասնագետների հետ, ովքեր գրել են հայ գրականության մասին»,- նշել է Նևեսեհիր համալսարանի ռեկտոր Ֆիլիզ Քիլիջը:

«Հայոց լեզվի ֆակուլտետի բացումը վիճահարույց հարց է, ինչպես նաև ժամանակ պահանջող նախագիծ: Թուրքիայում արդեն վաղուց նման ֆակուլտետներ պետք է լինեին»,- նշել է Քիլիջը:

«Հայերենի դասերի ընթացքում մանրամասնորեն կդասավանդվեն հայոց լեզուն և գրականությունը, սակայն հստակ ծրագիրը կորոշվի այն ժամանակ, երբ համապատասխան մասնագետներն անցնեն գործի: Մինչ այժմ պարզ չէ, թե արդյոք ֆակուլտետը կսկսի գործել 2009-2010 ուսումնական տարում, սակայն մենք ցանկանում ենք բացել այդ ֆակուլտետները միայն համապատասխան նախապատրաստական աշխատանքներից հետո»,- հավելել է Քիլիջը: