Ստեղծվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն»
ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, «Հիմնադրամների մասին» և «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրն այսօրվա նիստում որոշել է ստեղծել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ և հաստատել է դրա կանոնադրությունը։
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության տեղեկացմամբ, գործադիրը լիազորել է հիմնադրամին` ՀՀ-ում իրականացնելու նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթության գծով հավատարմագրում։ Լիազորել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալ հիմնադրամում։ Որոշմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության` Երևանի Օրբելի 22 հասցեում գտնվող շենքի 346 քմ մակերեսով 9-րդ հարկն ամրացվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին` անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով։ ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման N5 հավելվածում փոփոխություններ կատարելով, կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 65 մլն 619.5 հազար դրամ է հատկացվել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` նորաստեղծ հիմնադրամին տրամադրելու համար։ Եվս 100 հազար դրամ է հատկացվել` հիմնադրամի գրանցման և կնիքի ձեռքբերման նպատակով։
Հանձնարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարարին` լիազորել 10-օրյա ժամկետում նշանակել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին, ինչպես նաև երկամսյա ժամկետում ձևավորել հիմնադրամի կառավարման մարմինները։










