Սերժ Սարգսյանը ցավակցել է Պարիս Հերունու մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն ակադեմիկոս Պարիս Հերունու մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել նրա ընտանիքին։
Ուղերձում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա ակադեմիկոս Պարիս Հերունու մահվան մասին։
Պարիս Հերունին այն երախտավորներից էր, ում տաղանդի ու աշխատանքի շնորհիվ ճշգրիտ գիտությունների հայկական դպրոցը վերահաստատեց իր առաջատար դիրքը։ Նրա պրպտումների ու ուսումնասիրությունների արդյունքները վերաճեցին գիտության առանձին ենթաճյուղերի։ Ականավոր գիտնականը նաև կազմակերպական մեծ կարողություններով օժտված գործիչ էր։
Նրա նպատակը գիտելիքի նոր բարձունքների նվաճումն էր, իսկ հավատամքը` անմնացորդ ծառայելը գիտությանը, հայրենիքին ու մեր ժողովրդին։
Կորստի այս ծանր պահին ցավակցություն եմ հայտնում Պարիս Հերունու հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»։










