Քաղցկեղը` մարդկության համար ամենամեծ սպառնալիք

12:31 • 10.12.08

Երեկ հրապարակվել է միջազգային առողջապահության ոլորտի մի շարք առաջատար մասնագետների կողմից հեղինակած զեկույցը, որի համաձայն 2010թ. քաղցկեղը, առաջ անցնելով սրտանոթային հիվանդություններից, առավել մեծ սպառնալիք կհանդիսանա մարդկանց կյանքի համար: Իսկ ահա արդեն 2030թ. քաղցկեղից մահացության դեպքերի քանակն ավելի քան կկրկնապատկվի: Ըստ միջազգային առողջապահության փորձագետների` ծխախոտի օգտագործման աճը զարգացող երկրներում համարվում է քաղցկեղի` աշխարհով մեկ տարածման հիմնական պատճառ: Նշենք, որ աշխարհի ծխող զանգվածի 40%-ը ապրում է Չինաստանում և Հնդկաստանում:

Այսպիսով, 2010թ. աշխարհին առավել շատ սպառնալու է քաղկցեղը, միևնույն ժամանակ վարակիչ հիվանդությունները դրսևորում են նվազեցման միտում: Քաղցկեղի ախտորոշումներն աշխարհով մեկ կայուն աճ են գրանցում։ Հավանաբար, այս տարի հիվանդների թիվը կհասնի 12 միլիոնի, իսկ մահացության թիվը` 7 միլիոնի: Յուրաքանչյուր տարվա ընթացքում քաղցկեղը 1-տոկոսանոց աճ է գրանցելու, սակայն Չինաստանում, Ռուսաստանում և Հնդկաստանում այդ ցուցանիշն էլ ավելի մեծ է: Սա նշանակում է, որ միայն 2030թ. քաղցկեղով հիվանդների քանակը կկազմի 27 մլն յուրաքանչյուր տարվա համար, իսկ մահացության դեպքերը կհասնեն 17 միլիոնի:

Մարդկանց թվի աճի հետ մեկտեղ` ավելանում է նաև քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Ըստ միջազգային առողջապահության ոլորտի փորձագետների` մինչև 2030թ. աշխարհում քաղցկեղի տարբեր տեսակով տառապող հիվանդների ընդհանուր քանակը կհասնի 75 մլն, և դրա դեմ բազմաթիվ առողջապահության կենտրոններ ի զորու չեն լինի պայքարել: