Կառավարությունում քննարկեցին ՏՏ ոլորտում տիրող իրավիճակը

16:00 • 13.12.08

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Խորհուրդը քննարկել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տիրող ներկա իրավիճակը, նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ի գիտություն է ընդունել ՀՀ նախագահի 2008թ. սեպտեմբերի 17-ի հրամանագրով «ՀՀ նախագահի 2001թ. հուլիսի 20-ի Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» Ն-Հ 896 հրամանագրում կատարված փոփոխությունները, «Windows Vista» ծրագրի հայերենացման ընթացքը։ Քննարկվել և հաստատվել է ՏՏԶԱ խորհրդի աշխատանքային խմբերի աշխատակարգը ևս։

Մինչ օրակարգի մյուս հարցերին անցնելը, վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդին է ներկայացրել ՀՀ նախագահի 2008թ. սեպտեմբերի 17-ի N247-Ն հրամանագրով Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդում ռոտացիոն կարգով ընդգրկված նոր անդամներին ու շնորհավորել նրանց` այդ կապակցությամբ։

Այնուհետ խորհրդի անդամները քննարկել են ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տիրող իրավիճակը` հաշվի առնելով համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի ազդեցությունները։ Խորհրդի անդամ ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները մեկ տասնյակից ավելի առաջարկներ են ներկայացրել` ճգնաժամի հետեւանքով ստեղծված նոր պայմաններում ոլորտի ընկերությունների գործունեության, առկա խնդիրների եւ դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ, որոնք դրականորեն են ընդունվել խորհրդի կողմից։ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ` բիզնես միջավայրի բարելավմանը, ՏՏ ոլորտի խթանման գործում սփյուռքի հնարավորությունների օգտագործմանը, ոլորտի նորաստեղծ ընկերություններին աջակցության հայեցակարգի մշակմանը եւ այլ խնդիրների վերաբերող այդ առաջարկները կձևակերպվեն որպես խորհրդի որոշումներ` նշելով դրանց կատարման հստակ ժամկետներն ու պատասխանատուներին։ Վարչապետը հորդորել է ընկերությունների ղեկավարներին` հետևողական լինել համատեղ քննարկման արդյունքում ընդունված որոշումների կիրառման հարցում` ՏՏ ոլորտում հակաճգնաժամային այդ ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու և առկա խնդիրներին հիմնավոր լուծում տալու համար։


Նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ, ՏՏԶԱ խորհրդի գործադիր քարտուղար Արմեն Գրիգորյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նշել են, որ դրանք հիմնականում իրականացվել են։ Մասնավորապես, ՀՀ արբանյակային կապի ամրակցված կայանների ներկրման, ռադիոհաճախականությունների տրամադրման եւ օգտագործման գործընթացի պարզեցմանն ուղղված և խորհրդի հավանությանն արժանացած ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջարկությունները կառավարության անունից ուղարկվել են համապատասխան մարմիններին։ Մեկ այլ որոշման համաձայն, ստեղծվել է փորձագիտական խումբ` «Ֆայբրնետ Քոմյունիքեյշն» ՍՊԸ-ի կողմից «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող հյուսիս-կենտրոն օպտիկա-մանրաթելային մալուխի օգտագործման էֆեկտիվությունն ուսումնասիրելու նպատակով։ Ի կատարումն մեկ այլ հանձնարարականի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նշել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ` «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրով միջոցառումների վերջնական ցանկը, կազմակերպչական եւ այլ խնդիրների լուծմանը վերաբերող առաջարկների փաթեթը պատրաստելու և ՀՀ վարչապետին ներկայացնելու համար։ Խորհրդի անդամներին զեկուցվել է, որ համապատասխան հանձնարարականի համաձայն, ՏՏԶԱ խորհրդի քարտուղարությունը քննարկումներ է կազմակերպել նաեւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ղեկավարության կողմից` ՀՀ հարկային օրենսդրության վերաբերյալ ներկայացված առաջարկությունների շուրջ` հրավիրելով Հարկային պետական ծառայության և բիզնեսի ներկայացուցիչներին։ Քննարկումների արդյունքում ձեւավորվել են կողմերի համար ընդունելի առաջարկներ, որոնք և ներկայացվել են խորհրդի անդամներին։ Ներկայացված առաջարկների վերաբերյալ, վարչապետը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին` նախապատրաստել դրանք նաև Եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհրդում (ԵՎԲԱԽ) քննարկելու համար։ Հայերեն-անգլերեն երկկողմանի թարգմանչական ծրագրային փաթեթին հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցի կապակցությամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ հանձնարարականի համաձայն, այդ հարցի շուրջ մեկ անգամ ևս կազմակերպվել են խորհրդակցություններ և խորհրդի անդամներին է ներկայացրել դրանց արդյունքները։

Օրակարգի հաջորդ` ՏՏԶԱ խորհրդի աշխատանքային խմբերի աշխատակարգի հաստատման հարցի վերաբերյալ, նշվել է, որ աշխատակարգի համաձայն, խորհրդում ձեւավորվում են ռազմավարական քաղաքականության, ներդրումների եւ բիզնես հնարավորությունների, գիտակրթական, իրավակարգավորման, հեռահաղորդակցության եւ ինտերնետային ենթակառուցվածքների, մշակույթի և լեզվի, էլեկտրոնային կառավարման աշխատանքային խմբեր։ Փաստաթղթով կարգավորվում են այդ աշխատանքային խմբերի գործունեության կազմակերպման, ինչպես նաև դրանում պետական մարմինների, պետական եւ մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցության ընթացակարգերը։ Նշվել է, որ աշխատանքային խմբերը խորհրդատվական մարմիններ են, որոնք կազմված են ՏՏԶԱ խորհրդի անդամներից` մասնավորապես, ՀՀ կառավարության, մշակութային և գիտաուսումնական հաստատությունների, միջազգային, հասարակական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներից։ Աշխատանքային խմբերի հիմնական խնդիրներն են` քննարկել ու խորհրդին առաջարկություններ ներկայացնել Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման, այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի և ծրագրերի վերաբերյալ` հայեցակարգային մոտեցումների, ծրագրերի և այլ ձևաչափերով։ Փաստաթղթում հստակորեն ներկայացվում է աշխատանքային խմբերի լիազորությունների շրջանակը ևս։ Խորհուրդը հաստատել է նաև հիշյալ յոթ աշխատանքային խմբերի ղեկավարներին։

Նիստում ՏՏԶԱ խորհրդի մշակույթի և լեզվի աշխատանքային խմբի ղեկավար Հայկ Խանջյանը խորհրդի անդամներին տեղեկատվություն է ներկայացրել «Windows Vista» ծրագրի հայերենացման ընթացքի վերաբերյալ։