Սպարտակ Սեյրանյան. «Մեզանում կարևորվում է ոչ թե կրթության բովանդակությունը, այլ փաստը»
«Մեզանում ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ կարևորվում է ոչ թե կրթության բովանդակությունը, այլ կրթության փաստը»,– այսօր կրթական տարին ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարել է կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը։ Այս մասին նախարարն ասել է մասնավոր, նաև պետական բուհերի մասին խոսելիս՝ տեղեկացնելով, թե նախարարության կողմից սկսված մասնավոր բուհերի ստուգման արդյունքները կամփոփվեն հունվարին ու չի բացառվում, որ որոշ մասնավոր բուհեր զրկվեն արտոնագրից։
Սպարտակ Սեյրանյանն ասել է, որ հանրապետության բոլոր բուհերը՝ թե պետական, թե մասնավոր, այսուհետ միջազգային որակավորում են անցնելու։ Ընդ որում՝ որակավորման մրցույթն անցնելու են բոլոր բուհերի բոլոր մասնագիտությունները, որպեսզի պարզվի, թե որքանով են դրանք համապատասխանում միջազգային ընդունված չափանիշներին։ Նախարարի խոսքով՝ որակավորում չանցած բուհերը կզրկվեն հավատարմագրերից։
Ամփոփելով կրթական անցնող՝ 2008 թվականը, կրթության և գիտության նախարարը ներկայացրել է կրթության և գիտության ոլորտում կատարված աշխատանքները՝ անդարադառնալով հանրակրթության, նախնական և միջին մասնագիտական կրթության, բարձրագույն և հետբուհական կրթության, միջազգային համագործակցության և գիտության բնագավառում կատարված աշխատանքներին։
Ըստ ներկայացվածի՝ անցնող տարում ընդունվել են վերը նշված բնագավառներին վերաբերող օրենքներ, հաստատվել են հայեցակարգեր, իրականացվել են մի շարք ծրագրեր։ Նախարարը մանրամասն ներկայացրել է կատարված աշխատանքն ու խոսել նաև կրթական բնագավառի խնդիրների մասին։
Այսօրվա ասուլիսի ժամանակ կրթության և գիտության նախարարությունը շնորհավորել է լրագրողներին գալիք Ամանորի կապակցությամբ ու նվերներ տվեց։










