Որոշվել են գիտության ու տեխնիկայի զարգացման գերակայությունները

17:43 • 25.12.08

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների ձևավորման սկզբունքները և չափանիշները։ Նշվել է, որ գիտության և տեխնիկայի առաջընթաց զարգացումը, գիտական և գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներդրումը տնտեսության մեջ ՀՀ տնտեսության վերընթաց զարգացման խնդիրներից են։ Ըստ այդմ` կարևորվել է հիշյալ ոլորտի զարգացման գերակա ուղղությունների հստակեցումը։

Ըստ կառավարությունից ստացված հաղորդագրության, գերակայությունները սահմանելիս, անհրաժեշտ է համարվել իրականացնել, մասնավորապես, ՀՀ-ում գիտության իրական վիճակի վերլուծություն և զարգացման հեռանկարային կանխատեսման գնահատում, գիտության և տեխնիկայի բոլոր բնագավառներում բարձր որակավորում ունեցող փորձագետների ընտրություն, գիտության և տեխնիկայի զարգացման կանխատեսվող գերակա ուղղությունների վարկանիշային ցանկի ձևավորում, որտեղ առաջնահերթ տեղ է հատկացվում հայագիտությանը` որպես ՀՀ-ի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բնագավառ։

Մեկ այլ որոշմամբ հաստատվել են նաև գիտական կենտրոնների ձևավորման սկզբունքները, չափանիշները և կարգը, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է գիտական և գիտահետազոտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով։