ԵՊՀ ռեկտորը առաջընթաց է արձանագրել կրթության որակի բարձրացման առումով

17:45 • 25.12.08

Այսօր տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի խորհրդի տարեվերջյան նիստը, որը նախագահել է ՀՀ նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին հաղորդում են ՀՀ նախահագի մամլո գրասենյակից։
Նիստում ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը ներկայացրել է համալսարանի 2007-2008 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվություն։

Նա ասել է, որ բուհի գործունեությունը բոլոր ուղղություններով միտված է եղել մայր կրթօջախի զարգացմանը, ներհանրապետական և միջպետական գիտակրթական ասպարեզում նրա դերի ու հեղինակության բարձրացմանը։ Ըստ Արամ Սիմոնյանի՝ ժամանակի հրամայականի թելադրանքով և բուհական կրթությանը ներկայացվող արդի միջազգային պահանջներին համապատասխան` հաշվետու տարում ԵՊՀ-ում շարունակվել են ուսումնական գործընթացի կատարելագործման, համակարգային փոփոխությունների, ուսուցման տեխնոլոգիական հենքի զարգացման ու նորացման, գիտահետազոտական գործունեության ընդլայնման ուղղությամբ աշխատանքները։ Նրա խոսքով՝ որոշակի առաջընթաց է արձանագրվել կրթության կազմակերպման աշխատանքի բարելավման և մեթոդների նորացման, կրթության բովանդակության հարստացման ու որակի բարձրացման առումով։

Արամ Սիմոնյանը ուրախալի փաստ է համարել, որ տարեցտարի ավելանում է այն ասպիրանտների եւ ուսանողների թիվը, ովքեր ցանկանում են մասնակցել գիտահետազոտական աշխատանքներում։ Ռեկտորը տարվա կարեւորագույն նորամուծություններից է համարել սփյուռքագիտության ամբիոնի հիմնումը։
Խորհրդի անդամների կողմից համալսարանի 2007-2008թթ. ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունը հավանության է արժանացել և գնահատվել բավարար։

Նիստում լսվել է նաև ԵՊՀ 2008 թ-ի եկամուտների և ծախսերի կատարողականը, որին Խորհրդի նիստին ներկա անդամները միաձայն հավանություն են տվել։ Հաստատվել է նաև ԵՊՀ 2009 թ-ի ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշվը։

Օրակարգային հաջորդ հարցը, որին անդրադարձել են ԵՊՀ խորհրդի անդամները, վերաբերել է ԵՊՀ 2009/2010-2013/2014 ուսումնական տարիների զարգացման ռազմավարական ծրագրի հիմնադրույթներին։
Ռեկտոր Արամ Սիմոնյանը նշել է, որ նման պլանավորումը համալսարանի հիմնական անելիքները երկարաժամկետ հեռանկարում արդյունավետորեն իրականացնելու նպատակ է հետապնդում։ Տվյալ ռազմավարությունը` նպատակների, խնդիրների, առանձին գործողությունների, պատասխանատուների և համապատասխան ռեսուրսների լրակազմով, մշակվում է բուհի առաջընթացն ապահովելու, արդյունավետ կառավարում իրականացնելու և բարձրորակ մասնագետներ պատրաստելու նպատակով։

ԵՊՀ 2009/2010-2013/2014 ուսումնական տարիների զարգացման ռազմավարական ծրագրի հիմնադրույթները ևս բուհի խորհրդի անդամների կողմից հավանության են արժանացել։