Բազմաթիվ բուհեր կզրկվեն լիցենզիայից, խոստանում են նախագահականից
Հանրապետությունում գրանցված մոտ 65 մասնավոր բուհերից 30–ում ստուգումներ են իրականացվել ու հայտնաբերվել են խայտառակ խախտումներ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը ու նշել, որ իրենց ստուգումներով պարզվել է, որ մասնավոր բուհերը հարկային դաշտում չեն աշխատում, խախտվում են տարրական նորմերը՝ սկսած կրթություն իրականացնելու համար անհրաժեշտ տարածք ունենալու հանգամանքից։ Ըստ Հովսեփյանի, օրինակ մասնավոր բուհեր կան, որ ուսուցում են իրականացնում երկու սենյակներում։
Հովհաննես Հովսեփյանը ասել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը տեղյակ է խնդրին, նրա հրամանով հանձնարարականներ են տրվել կրթության և գիտության նախարարին։ Ըստ վերահսկողության ծառայության պետի, անկողմնակալ լինելու համար ստուգումներ են իրականացվելու մնացած մասնավոր բուհերում ևս։
Նախագահի վերահսկողության ծառայության պետը հայտարարել է, որ ստուգումներ արդյունքում բազմաթիվ մասնավոր բուհեր կզրկվեն լիցենզիայից, իսկ շատերին էլ դեղին քարտ ցույց կտրվի, որպեսզի շտկեն խախտումները։
Հովհաննես Հովսեփյանը հայտնել է նաև, որ ուսումնասիրություններ են կատարվում նաև պետական բուհերում. ասել թե՝ խախտումների դեպքում պատիժներից զերծ չեն մնա նաև պետական բուհերը։










