Աննախադեպ վարակ. 4 օրվա ընթացքում վարակվել է 5 մլն համակարգիչ

14:35 • 19.01.09

Downadup համակարգչային վարակն արդեն վարակել է 9 միլիոն անհատական համակարգիչներ, ընդ որում՝ 5 միլիոնը վարակվել է միայն վերջին 4 օրերի ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է Cnews-ը՝ հղում տալով F-Secure ընկերությանը։

Համակարգչային նոր վարակն արագ տարածվում է ԱՄՆ–ի, Եվրոպայի և Ասիայի համակարգչային համակարգերում։ Համեմատության համար նշենք, որ Storm Worm հայտնի վարակը տարածվել էր 9 անգամ ավելի քիչ համակարգերում։

«Վարակի հեղինակները դեռևս չեն օգտագործել այն։ Սակայն նրանք կարող են յուրաքանչյուր վայրկյան վարակված համակարգիչների հետ անեն այն, ինչ ցանկանում են»,– հայտարարել է F-Secure–ի փորձագետը։

Վարակը տարածվում է՝ մուտք գործելով մեկ համակարգիչ, ինչից հետո ընտրում է նույն համակարգի այլ համակարգչների գաղտնաբառերը։ Եթե գաղտնաբառը պարզ է, վարակը կարող է հաջողությամբ վարակել համակարգիչը։

F-Secure–ի մասնագետները ենթադրում են, որ Downadup–ը ստեղծվել է Ուկրաինայի չարագործների կողմից։ Վարակը ծրագրավորված է այնպիսի եղանակով, որպեսզի այն չվարակի այս երկրի համակարգիչները։