Հայաստանը և Ֆրանսիան Պայմանագիր ստորագրեցին

18:09 • 21.01.09

Հունվարի 20-ին, Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարությունը և Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնը (Centre national des recherches scientifiques-CNRS) Փարիզում ստորագրեցին համագործակցության Պայմանագիր։

ՀՀ Կրթության և գիտության նախարարության անունից Պայմանագիրը ստորագրեց Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ֆրանսիական կողմից Պայմանագիրը ստորագրեցին Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ տկն. Կատրին Բրեշինյակը և Գլխավոր տնօրեն Առնոլդ Միգուսը։

Պայմանագրի նպատակն է խորացնել երկու երկրների միջև գիտության բնագավառում համագործակցությունը։ Պայմանագրով նախատեսված է երկու երկրների գիտաշխատողների փոխանակումներ, համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացում, համատեղ գիտաժողովների և սեմինարների կազմակերպում։ Այդ նպատակի համար կօգտագործվեն CNRS-ի միջազգային համագործակցության կառույցները՝ Գիտական համագործակցության միջազգային ծրագրերը, Միացյալ միջազգային լաբորատորիաները և Միջազգային գիտահետազոտական խմբերը։ Ծրագրերը կիրականացվեն համատեղ ֆինանսավորմամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը։

Ստորագրման արարողությանը նախորդած հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն հայտնեցին, որ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև երկար տարիներ ծավալվող գիտական համագործակցությունը պաշտոնական հիմքի վրա է դրվում, ինչը նոր խթան կհանդիսանա այդ համագործակցության զարգացման համար։ Իբրև երկու կողմերի համար առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ նշվեցին մասնավորապես մոլեկուլյար ֆիզիկան, քիմիան, մաթեմատիկան, հումանիտար եւ սոցիալական գիտությունները։

Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնը գիտահետազոտական պետական հաստատություն է, որը գործում է Ֆրանսիայի Բարձրագույն կրթության և գիտության նախարարության հովանավորությամբ։ 2008թ. Կենտրոնի բյուջեն կազմել է 3,277 միլիարդ եվրո։ Կենտրոնի աշխատանքն ընդգրկում է գիտության և տեխնոլոգիաների բոլոր բնագավառները։ Կենտրոնն իր տարբեր լաբորատորիաներում հյուրընկալում է տարեկան 5.000 օտարերկրացի գիտնականի, աշխարհի 60 երկրների հետ ստորագրել է համագործակցության 85 պայմանագիր, որոնց մեջ՝ նախկին խորհրդային երկրներից Ռուսաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի հետ։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիան, Ռուսաստանից և Բելառուսից հետո, երրորդ երկիրն է, որի հետ Հայաստանն ստորագրեց նման պայմանագիր։