Սերժ Սարգսյան. «Կրթությունն ու գիտությունը միշտ պետք է լինեն մեր ազգային զարգացման հիմքը»
«Գաղտնիք չէ, որ հայ հասարակության համար կրթությունը միշտ շատ կարևոր դերակատարություն է ունեցել, և դա մեր ժողովրդի հարաբերական առավելությունն է, քանզի ոչ բոլոր ժովուրդների մոտ է, որ կրթության դերն այսքան բարձր է և այսքան կարևորվում է։ Կրթությունն ու գիտությունը միշտ պետք է լինեն մեր ազգային զարգացման հիմքը, ուստիև՝ կրթությունը ոչ միայն կրթության և գիտության նախարարության, ոչ միայն կառավարության, այլև ամբողջ հասարակության համար կարևոր խնդիր է, հետևաբար այն բոլորի հոգածության կենտրոնում պետք է լինի՝ սկսած կառավարման համակարգից, հասարակական կազմակերպություններից, տեղական ինքնակառավարման մարմիններից»,– այսօր թիվ 112 փորձարարական ավագ դպրոցի ուսուցչական և ծնողական կոլեկտիվի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը, ով դպրոց էր այցելել ծանոթանալու կրթական համակարգում նոր ներդրված ավագ դպրոցի վիճակին, խնդիրներին ու առաջընթացին։
Ավագ դպրոցը փորձնական ձևով հանրակրթական դպրոցներում ներդրվել է 2008–2009 ուստարում և, ինչպես նախատեսվում է, ավագ դպրոցներ կբացվեն նաև հանրապետության մյուս դպրոցներում։ Այս պահին հանրապետությունում կան 10 փորձարարական ավագ դպրոցներ, որոնցից 3–ը՝ Երևանում են։ Թիվ 112 դպրոցում, որի փորձին ծանոթանալու ցանկություն էր հայտնել հանրապետության նախագահը, սովորում են 563 աշակերտներ, որոնցից 124–ը ավագ դպրոցի սաներն են։ Նրանք, դպրոցի տնօրեն Սարգիս Քարամյանի ներկայացմամբ, սովորում են հումանիտար, տնտեսագիտական, բնագիտական և ֆիզմաթ հոսքերում, որոնք էլ իրենց մեջ ներառում են ենթահոսքեր, մասնագիտական ուղղվածություններ։
«Ավագ դպրոցի առանձնահատկությունն այն է, որ ավագ դպրոցը նորույթ է մեր կրթական համակարգում, այն ենթադրում է ավագ դասարաններ՝ 10, 11 և 12–րդ դասարաններ։ Առայժմ մենք 11–ամյա ուսուցման համակարգում ենք, այն ունի իր առավելությունները, նպատակը, մասնագիտական կողմնորոշումը։ Երեխաները 9–րդ դասարանից հետո արդեն՝ իրենց իսկ մասնագիտական կողմնորոշմամբ պայմանավորված, հաճախում են ավագ դպրոցներ։ Ավագ դպրոցի բուն նպատակն է, եթե երեխան որոշել է դառնալ լեզվաբան, իրավաբան, կենսաբան, բժիշկ, դպրոցում կան հոսքեր, որտեղ ուսումնառությունն ավելի խտացված է լինում՝ համապատասխան առարկաների գծով, և այդ պայմաններում երեխայի համար ավելի դյուրին է ուսումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունում»,– լրագրողներին ավագ դպրոցի էությունն է ներկայացրել դպրոցի տնօրեն Սարգիս Քարամյանը, ով վստահ է , որ ապագան ավագ դպրոցինն է։
Ինչպես խորհրդակցությունից հետո, լրագրողների հարցերին պատասխանելիս, նշել է կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը, դպրոցի ումնական և ծնողական կոլեկտիվի հետ նախագահի հանդիպման ժամանակ քննարկվել են ավագ դպրոցին վերաբերող հարցերը, քննարկվել փորձարարական մոտեցումները, որոշվել նախարարության նոր քայլերը, որոնք անհրաժեշտ են դպրոցը կայացնելու համար։
«Այս տարի նախատեսված է ևս 42 ավագ դպրոցների մուտք և ևս 2 տարի հետո 50–ական դպրոցներ ավելացնելով՝ մենք հույս ունեն ձևավորել 150 ավագ դպրոցներ հանրապետությունում, որոնք իրենց վրա շատ մեծ առաքելություն են վերցնելու՝ ճկուն անցում հանրակրթականից բարձրագույն ուսուցում և մյուս կողմից, շատ եմ ուզում շեշտել՝ ամենակարևորը 21–րդ դարին համապատասխան գիտելիքներով և հմտություններով օժտված մարդիկ ունենալն է։ Ավագ դպրոցի խնդիրը ընդունելության քննություններում երեխաների դիմելու հնարավորությունները հեշտացնելը չէ կամ կրկնուսույցների ինստիտուտի դեմ պայքարելը։ Նախագահը դա մի քանի անգամ շեշտեց՝ ավագ դպրոցի հիմնական առաքելությունը պատրաստել արդի հարափոփոխ աշխարհում մեր պետության և մեր ժողովրդի առաջընթացն ապահովող գրագետ, բանիմաց, գիտելիքներով օժտված քաղաքացիներ»,– ասել է կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը։










