Playphone-ը դուրս է եկել Հայաստանի VAS բջջային հեռախոսների շուկա
Playphone-ը պաշտոնապես հայտարարել է Հայաստանի VAS բջջային հեռախոսների շուկա դուրս գալու մասին։ Ընկերությունն իրականացնում է աշխարհագրական ընդլայնումը տարածաշրջանային զարգացման երկարաժամկետ ռազմավարության շրջանակներում, որը նախատեսում է բջջային կապի առաջատար օպերատորների հետ գործնական հարաբերությունների ամրապնդում և աշխարհում բջջային հեռախոսներ արտադրող առաջատար ընկերությունների՝ Nokia-ի և Sony Ericsson-ի հետ համագործակցության ընդլայնում։
Համաձայն ընկերության տարածած հաղորդագրության՝ Հայաստանում Playfon-ը ներկայացնում է աշխարհի առաջատար ընկերություններից բջջային հեռախոսների համար խաղերի յուրօրինակ հավաքածու, ռուսական և արտասահմանյան երաժշտության խոշոր ցուցակ, ինչպես նաև տեսաերիզներ, նկարներ և բջջային ծանոթություններ։ Այդ մասին հաղորդում է Мобильный Контент-ը։
Այսուհետ Playfon-ի մուլտիմեդիա բովանդակության լայն ընտրանին հասանելի է Վիվասել-ՄՏՍ-ի և Արմենտել-ի բաժանորդների համար։ Նշենք, որ երկու ընկերությունների բաժանորդական համատեղ բազան կազմում է ավելի քան 2,5 մլն մարդ, ինչը կազմում է հանրապետության ողջ բնակչության մոտավորապես 80%-ը։
Ըստ Playphone-ի փոխնախագահ Վլադիմիր Բորոդինի՝ ընկերությունը գնահատում է «Հայաստանի բջջային կապի շուկան որպես մերձավոր երկրների տարածքի ամենահեռանկարայիններից մեկը։ Հայաստանի ներուժը մենք կապում ենք բաժանորդների բազայի 20%-անոց աճի հնարավորության, GPRS և EDGE բաժանորդների մասնաբաժնի մեծացման, ինչպես նաև քանակական առումով ընդլայնման և 3G ցանցերի թողարկման հետ։ Մեր փորձագետների կանխատեսումների համաձայն՝ այս գործոնների հաշվին 2009թ. Հայաստանում VAS ծառայությունների վաճառքների ամսական ծավալը կարող է կրկնապատկվել»։










