Կառավարությունը հաստատել է թռչնագրիպի դեմ պայքարի ազգային ծրագիրը

16:08 • 05.02.09

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրն այսօրվա նիստում փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2006թ. հունվարի 19-ի «Բարձր ախտածին թռչնագրիպի համաճարակի հակազդեցության ազգային ծրագիրը հաստատելու մասին» N480-Ն որոշման մեջ` այն շարադրելով նոր խմբագրմամբ։ Ըստ այդմ հաստատվել են թռչնագրիպի բարձր ախտածին համավարակության հակազդման հակահամաճարակային միջոցառումների ազգային ծրագիրը, բարձր ախտածին թռչնագրիպի համաճարակի հակազդեցության ազգային ծրագիրը համակարգող հանրապետական հակահամաճարակային և հակաէպիզոոտիկ հանձնաժողովի կազմը։ Հաստատվել են նաև ՀՀ առողջապահության, գյուղատնտեսության և բնապահպանութան նախարարությունների միջև կենդանիների և մարդու համար ընդհանուր հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարգը, ցանկը, մարդկանց և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների վերաբերյալ բժշկական և անասնաբուժական փաստաթղթերի ձևերը։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ որոշման իրականացման նկատմամբ վերահսկողության իրավունքը վերապահվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին։ Որոշումն ընդունվել է` հաշվի առնելով, որ 2006թ. հունվարին վերոհիշյալ որոշումն ընդունելուց հետո Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից բացահայտվել են գրիպի նոր օրինաչափություններ, առաջարկվել նոր մոտեցումներ և միջոցառումներ, մշակվել են միջազգային համագործակցության նոր մեխանիզմներ, ինչպես նաեև աշխարհում, հատկապես եվրոպական մի շարք երկրներում (Անգլիա, Ֆրանսիա, Բելգիա, Ավստրիա և այլն) արդեն իսկ ընդունվել է Գրիպի հնարավոր համավարակին դիմակայման միջոցառումների ծրագիրը։