«Ռոսատոմը» և Siemens-ը կարող են ստեղծել աշխարհի խոշորագույն միջուկային ընկերությունը
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ ռուսական պետական «Ռոսատոմ» և գերմանական Siemens ընկերությունների միջև միջուկային տեխնոլոգիաների բնագավառում համատեղ ձեռնարկություն ստեղծելու շուրջ բանակցություններ են սկսվել: Եթե բանակցությունները հաջողությամբ պսակվեն, նորաստեղծ համատեղ ձեռնարկությունը դառնալու է աշխարհի խոշորագույն միջուկային ընկերությունը:
Հունվարի վերջին Siemens-ը հայտարարեց, որ դադարեցնում է համագործակցությունը ֆրանսիական Areva-ի հետ և սկսում է նոր միջազգային գործընկեր որոնել: Փետրվարի 3-ին Պուտինը հանդիպեց Siemens-ի ղեկավարների հետ և ասաց, որ ռուսական կողմը պատրաստ է համագործակցել գերմանական ընկերության հետ:
«Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն կարծում է, որ «Ռոսատոմի» և Siemens-ի միավորումը համաշխարհային շուկայում ամրապնդելու է կողմերի դիրքերը:










