Կառավարությունը հաստատել է Գյումրու տեխնոպարկի ծրագիրը

17:51 • 09.04.09

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատել է Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման պետական աջակցության 2009թ. ծրագիրը և ծրագրի միջոցառումների ժամանակացույցը։

Նշվել է, որ այս ծրագիրն ապահովում է 2008թ. ծրագրի շարունակականությունը։ Ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության ծրագրով որդեգրված քաղաքականությունն ու սահմանված ռազմավարական գերակայությունները և ուղղված է Երևանի ու մարզերի միջև անհամամասնությունների կրճատմանը, գործարար միջավայրի բարելավմանը և Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը։ Տեխնոպարկի ստեղծումով հնարավորություն կընձեռնվի արտադրական գործընթացներում ընդգրկելու Գյումրի քաղաքի և, ընդհանրապես, Շիրակի մարզի բարձր որակավորման մասնագետներին` փոքր ձեռնարկությունների ստեղծման ճանապարհով, նախանշելով դրանց գերակայությունները և զարգացնելով մրցունակ ուղղությունները։

Ծրագրի իրականացման նպատակն է` ապահովել Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգից բխող միջոցառումների կատարումը` պահպանելով քաղաքի ավանդական մշակութային նկարագիրը, այն դարձնել ժամանակակից գիտելիքային և նորամուծական ենթակառուցվածքներ, գործարար միջավայրի համբավ ունեցող կենտրոն, որտեղ ներկայացված կլինեն բարձր տեխնոլոգիաներ կիրառող ձեռնարկությունները, խոշոր կրթօջախներն ու գիտահետազոտական կենտրոնները։