Հայ երիտասարդ գիտնականները կմասնակցեն «Լոմոնոսով» միջազգային գիտաժողովին
Ուսանողների, ասպիրանտների և երիտասարդների «Լոմոնոսով 2009» 16–րդ Միջազգային գիտական գիտաժողովը բացվելու է այսօր Մ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ֆունդամենտալ գրադարանում։
Գիտաժողովն անցկացվում է համանուն Միջազգային երիտասարդական գիտական ֆորումի շրջանակներում՝ ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։ 2009թ. այդ միջոցառումը նվիրված է Երիտասարդների տարվան ԱՊՀ-ում։
Ինչպես հաղորդել է ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը, գիտաժողովին մասնակցելու համար գրանցվել է ավելի քան 12 հազ. երիտասարդ գիտնական Ռուսաստանի շրջաններից, ԱՊՀ երկրներից և 20 այլ երկրներից։ Տվյալ միջոցառմանը Հայաստանը կներկայացնի մոտավորապես 60 ուսանող և ասպիրանտ։
«Լոմոնոսով» միջազգային երիտասարդական գիտական ֆորումն անցկացվում է յուրաքանչյուր տարի հունվար ամսից մինչև մայիս՝ Մոսկվայի համալսարանում։ Ծրագրում ընդգրկված են դպրոցականների օլիմպիադաներ, կոնֆերանսներ, գիտական աշխատանքների մրցույթներ և երիտասարդ գիտնականների նորարարական նախագծեր։
Ֆորումի կենտրոնական միջոցառումն է «Լոմոնոսով» 16 միջազգային երիտասարդական գիտական գիտաժողովը։ Այս տարի նաև առաջին անգամ անցկացվելու է «ԱՊՀ պետություններ. երիտասարդների հայացք» հատուկ սեկցիան, որի շրջանակներում տեղի կունենան գիտական և ստեղծագործական աշխատանքների մրցույթներ, «ԱՊՀ. ճգնաժամ և գլոբալիզացիայի մարտահրավեր» միջազգային կլոր սեղանը, նորարարական նախագծերի և երիտասարդ գիտնականների ձեռքբերումների ցուցահանդեսը։
Միջազգային գիտաժողովը կավարտվի ապրիլի 17-ին, երբ կամփոփվեն աշխատանքների արդյունքները և կպարգևատրվեն լավագույն զեկույցների հեղինակները։










