Կես դարի ընթացքում մարդկությունը խոզանոցի է վերածել տիեզերքը
Չնայած տիեզերական տարածության հետ մարդու ծանոթանալու գործընթացը սկսվել է ընդամենը կես դար առաջ, մարդկությունը, այնումամենայնիվ, հաջողացրել է վերածել այն աղբանոցի։ Իհարկե, ի տարբերություն երկրային աղբի, տիեզերականը շատ քիչ է՝ այսօրվա դրությամբ մոտավորապես 5 հազ. տոննա, սակայն այն լուրջ վտանգ է ներկայացնում մարդկության համար։
Տիեզերական աղբն արբանյակների ուղեծրի վրա մնացած որոշակի ռեսուրս է, հրթիռակիրների հատվածներ, մի կողմ նետված վառելիքի բաքեր, ավերված օբյեկտների բեկորներ, ինչպես նաև զսպանակներ, հեղույսներ և այլ նման մանրուքներ։
Ըստ մասնագետների գնահատականի՝ այսօր մերձերկրային տիեզերական տարածությունում գտնվում է 10 սմ–ից մեծ ավելի քան 12,5 հազ. օբյեկտ և գրեթե 600 հազ. օբյեկտ՝ մոտավորապես մեկ սանտիմետրից ավել։ Նույնիսկ այս շատ փոքր տարրերը լուրջ վտանգ են ներկայացնում ցանկացած տիեզերական սարքի համար, քանի որ շարժվում են տարածության մեջ հսկայական արագությամբ՝ մեկ վայրկյանում մինչև 15 կմ։










