«ԲարՔեմփ Երևան». մեկնարկել է հայկական առաջին չկոնֆերանսը
Ապրիլի 17-19-ը Երևանում անցկացվում է առաջին ԲարՔեմփը կամ չկոնֆերանսը, որն ամբողջ աշխարհում տարածված միջոցառումների համեմատաբար նոր ձևաչափ է տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով: Այն համարվում է չկոնֆերանս, քանի որ անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում: ԲարՔեմփի թիրախային խումբը կազմում են նոր մեդիաների, ՏՏ, Ինտերնետ և թվային տեխնոլոգիաներում ներգրավված ընկերությունների մասնագետները, ղեկավարները, գործարարները, ուսանողները, ակտիվիստները, դասախոսները, բլոգերներն ու լրագրողները։
Երևանյան առաջին ԲարՔեմփը հաստատվել է Ամերիկյան համալսարանի նոր մասնաշենքում, պատրաստ է լսել և խոսելու, արտահայտվելու հնարավորություն տալ բոլոր ցանկացողներին: ԲարՔեմփի փիլիսոփայության համաձայն` չկան հատուկ հրավիրված բանախոսներ, մասնակիցներն իրենք են զեկուցում և քննարկում։ Այստեղ օրակարգը նույնպես ձևավորվում է մասնակիցների կողմից և վերջնական տեսք է ստանում միայն միջոցառման բացումից հետո: Երևանյան ԲարՔեմփի պաշտոնական կայքում 400 մարդ է գրանցվել` նախաձեռնությանը մասնակցելու պատրաստակամությամբ:
Առաջին ԲարՔեմփը կայացել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, և հետո լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում:










