Չինաստանում արտադրում են հնդկեղեգնից պատրաստված ստեղնաշարեր և մկնիկներ

10:38 • 20.04.09

Չինացի մասնագետներն արդեն երկար ժամանակ է, ինչ փորձում են կիրառել հնդկեղեգը բարձր տեխնոլոգիաներում, և չինացիներին դա վերջապես հաջողվել է։ Նրանք թողարկել են հնդկեղեգնից պատրաստված ստեղնաշարեր։ Այդ մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

Նշենք, որ մոտ ապագայում հնդկեղեգնից պատրաստված ստեղնաշարերին կմիանան նաև մկնիկները և ֆլեշ կրիչները։ Չինացի ինժեներները վատնել են գրեթե երեք տարի նման փխրուն նյութից «բարձր տեխնոլոգիաների նմուշներ» պատրաստելու համար։

Եթե հաշվի առնենք այն փաստը, որ հնդկեղեղգնից պատրաստված ստեղնաշարերի արտադրության համար օգտագործվում է հիմնականում «երկրորդական հումքը»՝ այսինքն, այն, ինչ մնացել է այլ նմուշների արտադրությունից, ապա չինացի մասնագետների նորամուծությունն էլ ավելի մեծ կարևորություն է ձեռք բերում։

Նշենք, որ ստեղնաշարերը կլանում են ճառագայթման որոշակի տոկոս և չեն կուտակում ստատիկ էլեկտրաէներգիա։

Նոր ստեղնաշարերի արժեքը տատանվում է 80-300 յուանի սահմաններում, ինչը կազմում է մոտ 12-44 դոլար։

Ստեղնաշարերի և մկնիկների թողարկմամբ զբաղվող ընկերության վաճառքների մենեջերի խոսքերով՝ նորամուծություններն առավել մեծ տարածում են ձեռքբերել Արևմուտքում, որտեղ վերջիններիս վաճառքների ծավալները բավական բարձր են։ Բացի այդ, դրանց հիմնական սպառողները ուսանողներն են։