Վարչապետը գիտնականների հետ քննարկեց միջուկային հետազոտությունների խնդիրները
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ք. Դուբնա) գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սիսակյանին և ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական տնօրեն Յուրի Հովհաննիսյանին։
Կողմերը քննարկել են Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ Հայաստանի հետագա համագործակցության զարգացման հարցեր։
Ալեքսեյ Սիսակյանը վստահություն է հայտնել, որ չնայած համաշխարհային ֆինանսական ու տնտեսական ճգնաժամի հետեւանքով ծագած դժվարություններին, նախատեսվող համատեղ նախագծերն ու ծրագրերը` հատկապես ֆունդամենտալ գիտությունների բնագավառում, նույնպես հաջողությամբ կիրականացվեն։ Կողմերը կարևորել են, մասնավորապես, Հայաստանում միջուկային բժշկության կենտրոնի, Դիլիջան քաղաքում Միջազգային գիտակրթական և տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հեռանկարային զարգացմանն ուղղված նախագծերը։ Նշվել է, որ վերջին նախագծի իրականացման նպատակով, նախատեսվում է ստեղծել Միջազգային փորձագիտական հանձնախումբ` ՌԴ ԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի նախագահությամբ, որի կազմում կընդգրկվեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հեղինակավոր գիտական կենտրոնների շուրջ մեկ տասնյակ անվանի գիտնականներ։
Կարևորելով Հայաստանում ֆիզիկայի և աստղաֆիզիկայի հետագա զարգացումը, վարչապետ Տիգրան Սարգսյանը և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ղեկավարները հավանություն են տվել նաև այդ խնդրի համակողմանի քննարկման նպատակով Երևանում միջազգային գիտական համաժողով հրավիրելու գաղափարին։










