Sun Microsystems-ը հայկական շուկայում փնտրում է գնորդներ

11:34 • 24.04.09

Ամերիկյան Sun Microsystems ընկերությունը ցանցային տեխնոլոգիաների մատակարար է, առաջարկում է սերվերներ, տվյալների պահպանման, ծրագրային ապահովման և սպասարկման համակարգեր: Ընկերությունը հիմնադրվել է 1982թ. և իր գործունեությունն իրականացնում է ավելի քան 100 երկրում:

Sun Microsystems-ը երկու տարի է, ինչ ներկայացված է Հայաստանի շուկայում: Մասնավորապես՝ Գյումրիի տեխնոպարկի շրջանակներում ընկերությունն արդեն լաբորատորիա է հիմնել: Ընկերությունը նաև համաձայնագրեր ունի Հայաստանում կադրերի վերապատրաստման առումով:

Sun Microsystems-ը մշակել է 9-րդ սերնդի պրոցեսորներ և ցանցային այլ նորագույն տեխնոլոգիաների հետ մեկտեղ որոշել է դրանք առաջարկել հայաստանյան գնորդներին: Երեկ այդ առթիվ «Գոլդեն Փելես» հյուրանոցում կազմակերպվել էր շնորհանդես: Ներկայացվեցին նոր սերնդի սերվերներ, մոնիտոր և տվյալների պահպանման համակարգեր:

Sun Microsystems-ի նոր լուծումները հնարավորություն են տալիս ցանցային համակարգերով աշխատող կազմակերպություններին էապես կրճատել ծախսերը, բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը: Ընկերության տեխնիկական խորհրդատու Սերգեյ Կոբզևն ասում է, որ իրենք աչքի են ընկնում տեխնոլոգիական հեղափոխական մոտեցումներով, կարողանում են ջարդել կարծրատիպերը:

Հայաստանյան IUNETWORK ընկերության (Sun Microsystems-ի գործընկերն է) ծրագրային ապահովման բաժնի ղեկավար Գուրգեն Ներսիսյանն ասում է, որ Sun Microsystems-ի նոր առաջարկները կարող են օգտակար լինել խանութների ցանցերի, ֆինանսական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, ՏՏ ընկերությունների համար:

Ուսումնական հաստատությունների համար սահմանվել է նույնիսկ 50% զեղչ: Որպես օրինակ՝ Ներսիսյանը նշում է, որ եթե խանութների ցանցն օգտագործի Sun Microsystems-ի նոր սերվերը, ապա այլևս կարիք չի ունենա ցանցի բոլոր խանութներում առանձին համակարգիչ պահել, քանի որ մեկ կենտրոնից հնարավոր կլինի իրականացնել բոլոր անհրաժեշտ գործառույթները:

Ինչ վերաբերում է Sun Microsystems-ի գնային քաղաքականությանը, ապա ընկերության ներկայացուցչության ղեկավար Օլգա Ռումելոտին ասում է, որ ԱՊՀ բոլոր երկրներում առաջնորդվում են միևնույն գնացուցակով, սակայն հնարավոր են որոշ զեղչեր:

Չնայած ճգնաժամին՝ Sun Microsystems-ը գնային քաղաքականության էական ճշգրտումներ չի իրականացրել: Ընկերությունում համոզված են, որ հայկական շուկայում կարող են առաջ շարժվել:

«ԱՊՀ տարածքում Հայաստանը գտնվում է այն երեք երկրների շարքում, որտեղ մեր բիզնեսը կայուն աճում է», - ասում է Ռումելոտին: Նա նաև բարձր է գնահատում Հայաստանի ՏՏ ոլորտի հնարավորությունները, ինչը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում Sun Microsystems-ի համար: