Audi-ն կներկայացնի նոր մոդելը ծննդյան 100-ամյակին

15:42 • 25.04.09

Գերմանական Audi ավտոկոնցեռնը, որը այս տարի կնշի իր ծննդյան 100-ամյակը, պատրաստվում է հուլիսի 16-ին շքեղ երեկույթ կազմակերպել Ինգոլշտադտ քաղաքում, որտեղ արտադրվում են ընկերության սպորտային մոդելների շարքերը /s-line, rs-line/: Ընկերության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն, ծննդյան հոբելյանին ներկա է լինելու նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Սակայն Audi-ի երկրպագուներին ավելի շատ հետաքրքրում է, թե որն է այն նոր մոդելը, որ ընկերությունը պատրաստվում է ներկայացնել հենց այդ օրերին

Ամենայն հավանականությամբ, խոսքը գնում է «գերսպորտային» նորույթի մասին, որը կդառնա ընկերության ավանդույթների արժանի շարունակողը։ Ինչպես ենթադրում է WorldCarFans-ը, երկու ամենահավանական թեկնածուները Audi RS5-ն ու R8 Targa-ն են, որոնց ստեղծման մասին լուրերն արդեն շատ վաղուց են հայտնվել Ինտերնետում։