100 DVD՝ մեկ սկավառակի վրա

09:38 • 28.04.09

General Electric-ը (GE) հայտարարել է, որ ստեղծել է նոր խտասկավառակ, որն ունի 100 DVD-ների ծավալով տեղեկություն պահպանելու հնարավորություն: Առայժմ նոր սկավառակը փորձարկվել է միայն լաբորատոր պայմաններում:

Շուկա դուրս գալուց առաջ նոր տեխնոլոգիան պետք է հարմարեցվի զանգվածային արտադրության սարքավորումներին: Փորձագետները, սակայն, արդեն վստահեցնում են, որ GE-ն հեղաշրջում է կատարելու թվային տեղեկատվության պահպանման ոլորտում:

GE-ի նոր հայտնագործությունը տեղեկատվության հոլոգրաֆիկ պահպանման ոլորտից է: Հոլոգրաֆիան լուսային գործընթաց է, որը պահպանում է ոչ միայն եռաչափ պատկերները, որոնք անվտանգության նպատակով տեղադրվում են կրեդիտ քարտերի վրա, այլև 1-երից և 0-ներից բաղկացած տեղեկատվություն: Ծածկագրվելուց հետո տեղեկությունը պահպանվում է լուսազգայուն նյութի վրա:

Ի տարբերություն DVD և Blu-ray սկավառակներում կիրառվող տեխնոլոգիայի՝ հոլոգրաֆիկ տեխնոլոգիան զինված է տեղեկատվությունն ավելի բարձր խտությամբ պահպանելու հնարավորությամբ: Հոլոգրաֆիկ տեխնոլոգիաների բնագավառում առաջին հետազոտական աշխատանքները տպագրվել են դեռ 1960-ականներին:

Նշենք, որ GE-ի հետազոտական խումբը նոր տեխնոլոգիայի վրա աշխատում է 2003-ից: