Անահիտ Բախշյանը ահազանգում է կրթության նախարարի ու կրթության ոլորտի առնչությամբ
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանն այսօր Tert.am–ի հետ զրույցում իր մտահոգությունն է հայտնել կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի հրաժարականի կապակցությամբ՝ նշելով, որ քննություններից առաջ դաշտն առանց ղեկավարի թողնելը սարսափելի բան է։
«Ես այսօր մտահոգված եմ կրթության նախարարի հրաժարականով, շատ մտահոգված եմ։ Սպարտակ Սեյրանյանն այն նախարարը դարձավ, որի հետ աշխատելը, համագործակցելը բավական նպաստավոր է մեր կրթության բնագավառի համար։ Ես ափսոսում եմ ու ահազանգ եմ հնչեցնում, շատ խորը, զորեղ ահազանգ եմ հնչեցնում։ Ճիշտն ասած, նույնիսկ չգիտեմ ով պիտի գա, որ այս պահին ինչ–որ բան անի, երբ լուրջ խնդիրներ ունենք։ Հիմա առջևում քննություններն են, դպրոցներ կան, որ այսօր չգիտեն իրենք ավա՞գ են, հիմնակա՞ն են, ընդունե՞ն առաջին դասարան, թե՞ չընդունեն»,– ասել է նա։
Հիշեցնենք, որ կառավարող կոալիցիայից դուրս գալուց հետո դաշնակցական պաշտոնյաները ներկայացրել են իրենց հրաժարականները։ Իսկ կրթության և գիտության նախարարությունը տրված էր ՀՅԴ–ին։










