Motorola-ները նոր կազմով կվերադառնան շուկա
Առաջին եռամսյակում Motorola-ն $1,3 մլրդ կանխիկ գումար է ծախսել, ինչը պայմանավորված է փաստով, որ վարկային ճգնաժամի պայմաններում ընկերությունն այլևս չի կարողանում վաճառել իր հեռահաղորդակցության բիզնեսի դեբիտորական պարտքերը, իսկ բջջային հեռախոսների վաճառքները գնալով նվազում են:
Wall Street Journal-ը գրում է, որ Motorola-ն եկամուտների նվազումը փորձում է փոխհատուցել ծախսերի կրճատմամբ: Բայց ընկերությանը հսկայական ծավալի կանխիկ գումար է անհրաժեշտ ծախսերի կրճատումների ծրագրի իրականացման, օրինակ՝ աշխատանքից ազատված աշխատակիցներին օրենքով սահմանված վճարումները կատարելու համար:
Ներկայում ընկերության կանխիկ գումարը $6,1 մլրդ է: Motorola-ի տնօրինությունը, սակայն, պնդում է, որ երկրորդ եռամսյակում ավելի քիչ կանխիկ գումար է ծախսվելու, և ընկերությանը հաջողվելու է ավելացնել եկամուտները:
Motorola-ի հաջողությունները մեծապես կախված են լինելու տարբեր բիզնեսներում իրականացված բարեփոխումներից և կանխիկ գումարների պաշարների կառավարման գործընթացի բարելավումից: 2008թ. դեկտեմբերից ընկերությունը դադարեցրել է վճարել դիվիդենտները, սառեցրել է կենսաթոշակային ծրագրերը:
Կանխիկի պակասի պատճառով Motorola-ն ստիպված հետաձգել է բջջային հեռախոսների արտադրության Mobile Devices բիզնեսն առանձնացնելու ծրագիրը:
Ներկայում Motorola-ն փորձում է ոտքի կանգնեցնել Mobile Devices-ը: Մասնավորապես, Motorola-ն հայտարարել է, որ մինչև Ամանոր շուկա է դուրս բերելու արագ աշխատող բջջային հեռախոսներ, որոնք հիմնված են լինելու Google-ի Android գործավար համակարգի վրա:
Ընկերությանը, սակայն, մեծ դժվարություններ են սպասվում, քանի որ ներկայում բջջային հեռախոսների շուկան ապրում է իր դժվարագույն ժամանակը՝ սկսած 1983-ից, երբ դրվեց բջջային կապի ժամանակակից սարքավորումների ինդուստրիայի հիմքը:
Առաջին եռամսյակում բջջային հեռախոսների համաշխարհային առաքումները նվազել են 13%-ով՝ մինչև 245 մլն հեռախոս: Mobile Devices-ի վաճառքները նույն ժամանակահատվածում նվազել են մինչև $1,8 մլրդ, ինչը 45%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:
Վաճառքների նվազմանը զուգընթաց՝ ընկերության գործառնական կորուստը հասել է $509 մլն-ի, ինչը շուրջ $100 մլն-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:










