Եվրահանձնաժողովը Intel-ին տուգանել է €1,06 մլրդ-ով

09:39 • 14.05.09

Եվրահանձնաժողովը համակարգչային չիպեր արտադրող աշխարհի խոշորագույն ընկերությանը՝ Intel կորպորացիային, տուգանել է €1,06 մլրդ-ով:

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, ութամյա հետաքննությունից հետո Եվրահանձնաժողովը եզրակացրել է, որ Intel-ը հակամրցակցային գործունեությամբ է զբաղվել 2002-2005թթ.՝ զեղչեր տրամադրելով համակարգիչներ արտադրողներին՝ պայմանով, որ նրանք իրենց արտադրած համակարգիչներում պետք է օգտագործեն գերազանցապես (95%) Intel-ի չիպերը:

Ըստ Եվրահանձնաժողովի՝ այդ ամենի հետևանքով AMD-ի չիպերի օգտագործումից հրաժարվել էին Acer-ը, Dell-ը, Hewlett-Packard-ը, Lenovo Group-ը, NEC-ը:

Բացի այդ՝ Intel-ը վճարում էր համակարգիչների մանրածախ վաճառքով զբաղվող Media Markt-ին, որպեսզի այն վաճառի միայն Intel-ի չիպերը պարունակող համակարգիչներ:

ԵՄ պատմության մեջ ոչ մի ընկերության նկատմամբ այսքան մեծ տուգանք չէր սահմանվել: Նույնիսկ Microsoft-ը 2004թ. երկու անգամ ավելի քիչ տուգանվեց (€497 մլն):

«Intel-ը մրցակիցներին դուրս է մղել համակարգչային չիպերի շուկայից՝ վնաս պատճառելով միլիոնավոր սպառողների: ԵՄ կանոնների երկարատև և լուրջ խախտումը չի կարելի անպատիժ թողնել»,- հայտարարել է ԵՄ մրցակցության հարցերով հանձնակատար Նելլի Կրուան:

Նշենք, որ հակամրցակցային զեղչերի կիրառման միջոցով Intel-ին հաջողվել է համակարգչային չիպերի շուկայում իր մասնաբաժինը հասցնել 80%-ի: