Կայացավ Մատենադարանի նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը

16:51 • 14.05.09

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությանը։

Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքին իր ներդրումը կունենա հայ հայտնի գործարար, մոսկովյան «ՄոնԱրխ» կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Համբարձումյանը։ Նա առաջիններից մեկն է արձագանքել Հայրենիքում ներդրումներ կատարելու Նախագահ Սարգսյանի անցած տարվա հուլիսին հնչեցրած կոչին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը։

Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, կարևորելով այն փաստը, որ գիտահետազոտական ինստիտուտի նոր մասնաշենքի հիմնարկեքը կատարվում է հաստատության հիմնադրման 50-րդ տարեդարձին, ասել է.

«Սա պատահական զուգադիպություն չէ, այլ օրինաչափություն։ Այն վկայում է, որ մեր մեջ կենդանի է և արթուն տեւողականության, շարունակականության, ժառանգականության կամքը, առանց որի ամեն մի ժողովուրդ դատապարտված է կորստյան։ Այն վկայությունն է մեր ժողովրդի արարչագործ ձիրքի, կենսասիրության եւ իմաստնության»։