Google-ը ներողություն է խնդրում
Google-ը պաշտոնապես ներողություն է խնդրել, այսպես կոչված, «թրաֆիկի խցանման» համար, ինչի պատճառով ընկերության գլխավոր կայքէջի աշխատանքը դանդաղել էր:
BBC-ն հաղորդում է, որ դժվարություններ էին ծագել նաև Gmail-ի և Google-ի նորությունների կայքէջերում, ինչի պատճառով միլիոնավոր օգտատերեր մոտ մեկ ժամ զրկված են եղել մատչումից:
Google-ն այս տարի արդեն երկրորդ անգամ է նման խնդիրների բախվում: Փետրվարին Gmail ծառայության աշխատանքի խափանման պատճառով աշխարհում միլիոնավոր օգտատերեր մի քանի ժամ շարունակ չէին կարողանում մատչում ստանալ իրենց անվճար ինտերնետային փոստին:
Google-ը խոստանում է, որ նման խափանումներ այլևս չեն լինի: Վերլուծաբանները կարծում են, որ այսօրինակ խափանումները կարող են կասկածի տակ դնել ինտերնետային ծառայությունների հուսալիությունը:
Բիզնեսներն էլ, իրենց հերթին, ևս մեկ անգամ կմտածեն իրենց աշխատանքն ամբողջությամբ ինտերնետին վստահելուց առաջ: Բացի դրանից՝ այդօրինակ խափանումները կրկին ապացուցում են, որ աշխարհին ինտերնետային որոնումների մեկ համակարգը բավարար չէ:










