Հաստատվել են վճարովի և անվճար կրթական տեղերը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2009-2010թթ. ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով տեղերը` ըստ մասնագիտությունների։
Ինչպես հաղորդում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Այս հարցը բուռն քննարկման առարկա է եղել, և մենք հանգել ենք փոխզիջման` այն է, վերջին անգամ ենք այսպիսի որոշում կայացնում։ Պայմանավորվել ենք, որ սեպտեմբերին պետք է քննարկենք հայեցակարգային նոր մոտեցումներ, նախարարությունն արդեն ՊՆ-ի հետ ձեռնամուխ է եղել այդ գործին։ Սեպտեմբեր-հոկտեմբերին հանրությանը պետք է տեղյակ պահենք, որպեսզի 2010թ. բոլորը պատրաստ լինեն աշխատել նոր հայեցակարգով»։










