ՀՊՃՀ-ն նշում է ականավոր գիտնականի ծննդյան 100-ամյակը
ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) երկարամյա ռեկտոր Արծրուն Մարտիրոսի Գասպարյանը հանդիսանում է այն հայ նվիրյալ գործիչներից, ում ավանդն անգնահատելի է մեր ժողովրդի գիտական և տեխնիկական մտքի զարգազման, բարձրորակ կադրերի պատրաստման գործում։
Այս առիթով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ/ՀՊՃՀ) և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը մայիսի 22-ին ՀՊՃՀ Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության դեպարտամենտում կազմակերպել էին հանդիսություն նվիրված Արծրուն Գասպարյանի 100-ամյա հոբելյանին։
Ինչպես հաղորդում է համալսարանի մամուլի ծառայությունը, ՀՊՃՀ նիստերի դահլիճում էին հավաքվել բուհի ղեկավարությունը, ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ Ռադիկ Մարտիրոսյանը, քիմիական ոլորտի ակադեմիկոսներ, գիտնականներ, այդ բնագավառի հաստատությունների, գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարներ, Արծրուն Գասպարյանի սաներ, բազմաթիվ հյուրեր, ուսանողներ։
Հնչեցին ողջույններ, ելույթներ Արծրուն Գասպարյանի` մեծ մտավորականի, մանկավարժական բացառիկ ձիրքի, մարդկային հատկանիշների տեր անձի, նրա կյանքի և գիտական, հասարակական գործունեության մասին։ ՀՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանն անդրադարձ կատարեց նրա կենսագրականին` պատմելով, թե ինչպես է Եղեռնի ժամանակ 13 երեխաներից բաղկացած ընտանիքից փրկվել միայն կրտսերը` յոթամյա Արծրունը։ Այնուհետև նրա ընտանիքը բնակություն է հաստատել Երևանում։ Նշվեց, որ անգնահատելի է Արծրուն Գասպարյանի դերը, նրա ստեղծագործական մոտեցումները քիմիական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում կիրառելու և հատկապես Հայաստանի քիմիական արդյունաբերության զարգացման և կայացման գործում։
Արժանավույնս գնահատելով նրա ավանդը բուհի և, մասնավորապես, ֆակուլտետի կայացման գործում` 1995թ.-ից ՀՊՃՀ «Քիմիական տեխնոլոգիաներ և բնապահպանական ճարտարագիտություն» դեպարտամենտը կոչվում է պրոֆեսոր Արծրուն Գասպարյանի անունով։










