Միջազգային փորձագետն արձանագրել է Հայաստանի առողջապահության ոլորտում մրցունակության ոչ բավարար մակարդակը
Երեկ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի (ՀԱՄՀ) հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ« ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նիստի ընթացքում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը ներկայացրել է իր առաջարկները` հիմնադրամի ռազմավարության« աշխատանքային ծրագրերի, կազմակերպչական կառուցվածքի և բյուջետային ծրագրման վերաբերյալ։ Այնուհետեւ քննարկվել են օրակարգում ընդգրկված` առողջապահության, կրթության և զբոսաշրջության ոլորտներին վերաբերող ռազմավարական ծրագրերը։ Քննարկման արդյունքներով հաստատվել են հիշյալ ծրագրերի իրագործմանը միտված միջոցառումները։
Նշվել է, որ առողջապահության և կրթության բնագավառներում իրականացվող բարեփոխումները պետք է նպատակաուղղված լինեն ոչ միայն հասարակությանը մատուցվող ծառայությունների որակի և մատչելիության ապահովմանը, այլև ազգային մրցունակության բարձրացմանը։ Այդ համատեքստում միջազգային փորձագետ դոկտոր Ռեյնհարդ Ուիչելզը ներկայացրել է «Առողջապահության ոլորտում հաջողության գործոններին հասնելու տեսլականը» զեկույցը։ Խոսելով Հայաստանի առողջապահության համակարգի խնդիրների մասին՝ նա բարձր է գնահատել կատարված աշխատանքը։ Դրա հետ մեկտեղ փորձագետն ընդգծել է ոլորտում տեղ գտած բացթողումները, ինչպես նաև մրցունակության ոչ բավարար մակարդակը։ Զեկույցը հավանության է արժանացել խորհրդի կողմից, նշվել է, որ այն հիմք կհանդիսանա հիմնադրամի հետագա գործունեության (ռազմավարության) ընթացքում։










