Հայ դպրոցականների համար նախատեսված թեսթերը Լոնդոնից հասել են Հայաստան
«Վերջին զանգից» հետո հայ դպրոցականներն առավել մեծ ակտիվությամբ են պատրաստվում ավարտական քննություններին և միասնական պետական քննությանը։ Այս տարի քննությունները հայկական դպրոցներում կմեկնարկեն հունիսի 2-ին։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը։
Ըստ վերջինիս՝ քննական թեստերը Լոնդոնից հասել են Հայաստան և պահվում են «Արարատ» բանկի շենքում։
Այս անգամ ավարտական քննությունները և պետական միասնական քննությունը կանցկացվեն տարբեր օրերին։ Սկսած հունիսի 2-ից՝ քննություններն ընթանալու են յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ։ Ըստ Մկրտչյանի՝ քննությունների անցկացման նման դասակարգումը շատ հարմար է և չի ստեղծում ավելորդ խնդիրներ։
Հավելենք, որ դպրոցականները կարող են ընտրել քննության հանձնման երկու տարբերակներից մեկը։ «Ա» տարբերակը նախատեսված է դպրոցականների համար, ովքեր մտադիր չեն շարունակել իրենց կրթությունը, իսկ «Բ» տարբերակի մեջ ներառված են նաև բուհերի ընդունելության հարցերը։
Մկրտչյանը ներկայացրել է ևս մեկ փոփոխություն։ Ըստ վերջինիս՝ յուրաքանչյուր քննությանը, բացի օտար լեզուներից, դպրոցականներին հատկացվելու է նախկին 4 ժամի փոխարեն 3, իսկ օտար լեզուներին՝ 2,5 ժամ, քանի որ նախորդ տարիներին հատկացված ժամանակի վերջին մեկ ժամը դպրոցականներն «անարդյունավետ են օգտագործել»։
Նախարարի տեղակալը հերքել է այն լուրերը, որոնց համաձայն քննական թեստեր կազմողները տեղեկություններ են տրամադրել իրենց դիմորդներին։
«Նրանք պարկեշտ, կյանքով փորձված մարդիկ են, ովքեր մեկ անգամ չէ, որ մասնակցել են թեստեր կազմելու գործընթացին։ Կարծում եմ, որ իրենք նման բան թույլ չէին տա»,- նշել է Մկրտչյանը։
Մեկնաբանելով տեղեկությունը, որի համաձայն բուհերում իբր կրճատել են անվճար տեղերը՝ նա բացատրել է, որ տեղերը չեն կրճատվել, այլ փոխվել է հայտերի լրացման կարգը։ 4 անվճար տեղերի փոխարեն՝ դիմորդները կարող են հավակնել միայն երկու տեղի։ Այսպիսով, հայտում վճարովի տեղերն ավելացել են երկուսով՝ կազմելով 6-ը։
Ըստ Մկրտչյանի՝ նմանատիպ փոփոխությունը ձեռնտու է ապագա ուսանողներին, քանի որ նախկին 4 անվճար տեղերից դիմորդներն անցնում էին միայն առաջին երկուսով, իսկ մնացած երկուսն անօգուտ էին։ Բացի այդ, ավելացնելով վճարովի տեղերը, դիմորդներին տրամադրվում է բուհ ընդունվելու ավելի մեծ հնարավորություններ։










