Nikon-ը հետևում է Panasonic-ին ու Toshiba-ին
Ֆոտոտեխնիկա արտադրող ճապոնական աշխարհահռչակ Nikon ընկերությունը հայտարարել է, որ 2009թ. շուրջ 1000 աշխատատեղ է կրճատելու: AFP-ն հաղորդում է, որ կրճատումները հիմնականում տեղի են ունենալու ընկերության Ճապոնիայում գտնվող գործարաններում:
Nikon-ը ստիպված է կրճատել արտադրությունը, քանի որ իր արտադրանքի նկատմամբ համաշխարհային պահանջարկը խիստ ընկել է: Ավելի վաղ ընկերությունը 2009թ. համար կանխատեսել էր շուրջ 17 մլրդ յեն ($180 մլն) զուտ կորուստ:
Ծախսերը նվազագույնի հասցնելու համար ընկերությունը ծրագրում է նաև իր բիզնեսի մի մասը Սինգապուրից տեղափոխել Թայվան: Ընդհանուր առմամբ՝ Nikon-ը նպատակ ունի ծախսերը կրճատել շուրջ 8 մլրդ յենով:
Տնտեսական ճգնաժամի պատճառով ճապոնական էլեկտրատեխնիկայի հսկաները ստիպված զանգվածային կրճատումներ են անում: Ավելի վաղ 4 հազար աշխատատեղի կրճատման մասին էր հայտարարել Toshiba-ն, իսկ Pioneer-ն ու Panasonic-ը համապատասխանաբար կրճատել են 10 հազար և 15 հազար աշխատակցի:
Աշխարհի տնտեսապես զարգացած երկրների շարքում Ճապոնիան ամենաշատն է տուժել ճգնաժամից, քանի որ նրա տնտեսությունը խիստ կախված է արտահանումներից և դրսի պահանջարկից:
2009թ. առաջին եռամսյակում երկրի ՀՆԱ-ն կրճատվել է 15.2%-ով (Ճապոնիայի պատմության մեջ վատագույն ցուցանիշը):










