Հայաստանը ժամանակակից ատոմակայանով որակապես այլ հնարավորություն է ստանալու, Տիգրան Սարգսյան

19:37 • 29.05.09

Այսօր ՀՀ կառավարությունը իր արձանագրային որոշումով հավանություն է տվել «ՀՀ նոր միջուկային էներգաբլոկի (էներգաբլոկների) շինարարության ծրագրի իրականացման նպատակով կառավարման ծառայությունների» պետական գնման պայմանագրին։ Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, որոշման ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N53 արձանագրային որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» արձանագրային որոշումից, որով հավանություն էր տրվել Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման ծրագրի իրականացման նպատակով կառավարվող ընկերության ընտրության մրցույթի տեխնիկական առաջադրանքներին։ Որոշման ընդունումից հետո կառավարող ընկերության մրցույթում հաղթած ընկերության հետ կկնքվի ծառայությունների ձեռքբերման պայմանագիր։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այդ կապակցությամբ հայտարարել է.

«Մենք, հարգելի գործընկերներ, բավականին լուրջ գործընթաց ենք սկսում։ Հասկանալի է, որ ՀՀ-ն ժամանակակից ատոմակայանով որակապես այլ հնարավորություն է ստանալու։ Մենք մեր տնտեսության համար որակապես այլ միջավայր ենք ձեւավորում։ Հայաստանը ատոմակայանով ժամանակակից այլ երկիր է լինելու, իսկ ատոմական չկառուցելու դեպքում, իհարկե, մեր մրցակցային առավելություններն էապես կնվազեն։ Այնպես որ, Աստված մեզ օգնական»։