Սերժ Սարգսյանը կրթության նախարարից պահանջում է սկզբունքայնություն

10:24 • 31.05.09

Ընդունելության քննությունների կազմակերպման վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` ՀՀ մարզպետների և կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ։

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Սերժ Սարգսյանն ընդգծել է ընդունելության քննությունները պատշաճ և բարձր մակարդակով կազմակերպելու կարեւորությունը, և ասել, որ այդ գործընթացում տարեցտարի գրանցվող առաջընթացը նաև նման խորհրդակցությունների արդյունք է։

Ձևակերպելով այս տարվա քննական գործընթացից իր հիմնական ակնկալիքը` երկրի ղեկավարն ասել է. «ընդունելության գործընթացն իր կազմակերպչական մակարդակով պետք է ավելի լավը լինի, քան նախորդ տարվանն էր, քննությունների արդյունքում բուհեր պետք է ընդունվեն իրականում լավագույն և արժանի դիմորդները, գործընթացից պետք է դուրս գանք դասեր քաղած և հաջորդ տարվա համար պետք է առաջարկել ընդունելության էլ ավելի կատարելագործված մեխանիզմներ»։

Սերժ Սարգսյանն քննական գործընթացում առանձնացրել է երեք կողմ` կառավարությունը` ի դեմս կրթության և գիտության նախարարության, մարզպետարանները և վերակսկող մարմինները։

Նախագահն ասել է, որ կրթության և գիտության նախարարությունից ակնկալում է քննական գործընթացը կազմակերպել ընդունելության կանոնակարգի և ընդունելության քննությունների ընթացակարգի տառին համապատասխան, իր լիազորությունների շրջանակում վերահսկել այդ գործընթացն, ինչպես նաև ապահովել միասնական-ավարտական քննական գործընթացի թափանցիկությունը և տեղեկատվության մատչելիությունը։

Հանրապետության ղեկավարը նշել է, որ մարզպետներից ակնկալում է կազմակերպչական, այդ թվում նաև` տեխնիկական աջակցություն քննական կենտրոններին, քննական կենտրոնների շուրջը հանգիստ, հանդարտ մթնոլորտի ապահովում, ինչպես նաև քննական գործընթացին որևէ միջամտության, այդ թվում նաև` անձնական բացառում։

Երկրի ղեկավարը կրթության և գիտության նախարարից պահանջել է հաստատակամություն և սկզբունքայնություն։ Նա նաև հանձնարարել է համապատասխան մարմիններին մշտական վերահսկողություն իրականացնել գործընթացի նկատմամբ։
Մարզպետները և կրթության ոլորտի պատասխանատուները նախագահին զեկուցել են, որ կազմակերպչական և նախապատրաստական բոլոր խնդիրները լուծված են և համակարգը պատրաստ է քննական գործընթացին։