Facebook-ում անձնական տվյալներն այլևս գաղտնի չեն
ԱՄՆ էլեկտրոնային անձնական տվյալների կենտրոնը (EPIC) Միացյալ Նահանգների դաշնային առևտրային հանձնաժողովին բողոքել է Facebook հասարակական ցանցի դեմ։ Ըստ 29-էջանոց բողոքի՝ Facebook-ի ղեկավարության կողմից անցկացված անձնական տվյալների պաշտպանության արդիականացման ծրագիրը կարող է վնասակար լինել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Փաստաթղթի հեղինակները պնդում են, որ փոփոխությունների պատճառով հասանելի են դարձել անձնական տեղեկությունները, որոնք նախկինում տեսանելի չէին այլոց համար:
Նշենք, որ Facebook-ն իր բոլոր օգտատերերին խնդրել էր փոխել իրենց կարգավորումները դեռևս դեկտեմբերի սկզբին: Նոր համակարգը թույլ է տալիս օգտատերերի անձնական տվյալները ցույց տալ բոլորին, միայն ընկերներին կամ ընկերներին և ընկերների ընկերներին: Սակայն նոր համակարգի կիրառումից հետո աշխարհի խոշորագույն հասարակական ցանցի օգտատերերը հայտնաբերել են, որ իրենց անձնական տվյալները հասանալի են նաև այն օգտատերերին, որոնց համար դա նախատեսված չէր:










