Նույնիսկ Microsoft-ը խոնարհվեց

14:16 • 19.12.09

Վերջապես ավարտվել է Microsoft ընկերության և եվրոպական հակամենաշնորհային մարմինների միջև երկարատև դատական գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է The New York Times-ը։ Վերահսկիչ մարմինը համաձայնել է դադարեցնել գործն ընդդեմ Microsoft-ի, իսկ դրա փոխարեն ՏՏ հսկան եվրոպական սպառողներին խոստացել է հնարավորություն տալ ընտրել իրենց համար ամենահարմար ինտերնետ բրաուզերը` սկսած Google Chrome-ից, վերջացրած արդեն սովորական դարձած Opera-ով, Firefox-ով ու Safari-ով (ընդհանուր առմամբ՝ մինչև 11 բրաուզեր)։ Ընտրության հնարավորություն կունենան միայն եվրոպացիները։ Microsoft-ի ներկայացուցչի հայտարարության համաձայն` ընկերությունը Եվրամիության սահմաններից դուրս պահանջարկն ընդլայնելու պլաններ չունի։

Ինչպես նշում են վերլուծաբանները` ճգնաժամը պատժի ենթարկվելու լավագույն ժամանակը չէ. գործի կարգավորումը ընկերությանը թույլ կտա զերծ մնալ հերթական տուգանքներից։ Երբ Microsoft-ի գործերը լավ էին, նա կարող էր իրեն թույլ տալ վճարել տուգանքներ ու վարել ագրեսիվ իրավաբանական քաղաքականություն։ Անկման փուլում ավելի նպատակահարմար է հարթել սուր անկյունները։

Հիշեցնենք, որ Microsoft-ի դեմ դատական հայց սկսելու նախաձեռնությունը նորվեգակաան Opera Software-ինն էր, որը 2007թ. դիմել էր Եվրոպական հանձնաժողովին` պնդելով, որ Microsoft-ն օգտագործում է Windows օպերացիոն համակարգը իր Internet Explorer-ն առաջ մղելու համար։ Այս տարվա սկզբին Opera-ի հայցին միացավ նաև Google-ը։ Թեև ամռանը Microsoft-ը համաձայնել էր այլընտրանքային բրաուզերներ ներգրավել իր Windows-ում, այնուամենայնիվ խնդիրը մինչև վերջին վճիռը լուծված չէր։