Կանաչ թեյը նվազեցնում է դեպրեսիան տարեց մարդկանց մոտ

17:10 • 21.12.09

Կանաչ թեյը, բացի իր բոլոր բուժիչ հատկություններից, նաև նվազեցնում է դեպրեսիայի ախտանշանները 70-անց մարդկանց մոտ։ Նման եզրակացության են եկել ճապոնական Տոխոկու համալսարանի մասնագետները։

Ճապոնացի մասնագետների ուսումնասիրությանը մասնակցել է մոտ 1000 տարեց մարդ։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տղամարդկանց մոտ 34%-ը և կանանց՝ 39%-ը հակված էին դեպրեսիայի։ Սակայն լավատեսների մեջ գերակշռում էին մարդիկ, ովքեր յուրաքանչյուր օր ըմպում էին մոտավորապես չորս բաժակ կանաչ թեյ։

Ըստ հետազոտողների՝ մարդու ուղեղի վրա հանգստացնող ազդեցություն է թողնում թեանինը, որի մեծ քանակությունն առկա է կանաչ թեյում։ Թեանինը նույնիսկ հաճախ անվանում են «լավ տրամադրության քիմիկատ»։

Նշենք, որ կանաչ թեյին վերագրում են այլ օգտակար հատկանիշներ ևս. այն իջեցնում է ճնշումն ու կասեցնում քաղցկեղային գործընթացները։