CD դիսկերը և կրեդիտ քարտերը վնասակար են առողջությանը

16:58 • 14.01.10

Բիսֆենոլ A քիմիական տարրը, որն օգտագործվում է պլաստմասաների, CD դիսկերի, կրեդիտ քարտերի, ինչպես նաև պահածոների տարաները փակելու համար նախատեսված կափարիչների արտադրության մեջ, ազդում է սրտային համակարգի վրա: Նման եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները։ Այս մասին հաղորդում է Newsland.ru-ն:

Բիսֆենոլը կարող է ներծծվել արյան մեջ և տարիների ընթացքում կուտակվել օրգանիզմում: Այդ քիմիական տարրի հետքերը կարող են հայտնաբերվել մարդկանց 90%-ի մոտ։ Օրգանիզմում դրա մեծ քանակությունը մեծացնում է սրտային հիվանդությունների ռիսկը:

Գիտնականները, սակայն, դեռ չեն հայտնաբերել այն կենսաբանական մեխանիզմը, որը հանգեցնում է բիսֆենոլով թունավորվելու հետևանքով առաջացած հիվանդությունների: «Այժմ մենք պետք է ավելի մանրամասն ուսումնասիրենք, թե ինչն է դառնում սրտային հիվանդությունների առաջացման պատճառ և պարզենք՝ դրանք կապված են միայն բիսֆենոլի՞, թե՞ նաև այլ գործառույթների հետ, որոնք կապ ունեն այդ տարրի ազդեցության հետ»,- ասում են հետազոտողները: