Nokia-ի և Apple-ի պատերազմը շարունակվում է
Բջջային հեռախոսներ արտադրող ամենախոշոր ընկերություններից մեկը` Nokia-ն, հայտարարել է, որ լրջորեն կպաշտպանվի մրցակից Apple-ի բոլոր նոր բողոքներից: Ինչպես հաղորդում է Reuters-ը, հունվարի 15-ին Apple-ը բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի Միջազգային առևտրային հանձնաժողովին:
Երկու հսկաների պայքարը սկսվեց անցած տարվա հոկտեմբերին, երբ Nokia-ն հայց ներկայացրեց ընդդեմ Apple-ի` մեղադրելով նրան արտոնագրային իրավունքները խախտելու մեջ: Խոսքը հարյուրավոր արտոնագրերի մասին է, որոնք կապված են շարժական սարքերի արտադրության տեխնոլոգիաների, մասնավորապես, iPhone հեռախոսի հետ: Դեկտեմբերի վերջում Nokia-ն դիմեց Միջազգային առևտրային հանձնաժողովին` մեղադրելով Apple-ին գործնականում բոլոր բջջային հեռախոսների, փլեյերների և համակարգիչների արտադրությունում իր արտոնագրերն օգտագործելու համար։
Վերլուծաբանների կարծիքով՝ ընկերությունների միջև պատերազմը շարունակական կլինի՝ անկախ հանձնաժողովի որոշումից: Շատերի կարծիքով՝ խնդրի լուծումը կարող է ձգձգվել մի քանի տարի:
Թե ապագայում այս պայքարը ինչ հետևանքներ կունենա երկու ընկերությունների համար, հստակ դժվար է կանխատեսել: Բայց հնարավոր է, որ հանձնաժողովը ժամանակավորապես արգելելի նրանց արտադրանքների վաճառքները ԱՄՆ-ի տարածքում: Հիշեցնենք, որ դա Apple-ի հիմնական շուկան է, մինչդեռ Nokia-ի վաճառքներում ԱՄՆ շուկան միայն մի փոքր մաս է կազմում։










