ԱՄՆ-ը կորցնում է առաջատարի դիրքերը հետազոտությունների ոլորտում
Գիտատեխնիկական հետազոտությունների ասպարեզում ԱՄՆ-ը կորցնում է համաշխարհային առաջատարի դիրքերը: Նման եզրակացության մասին նշվում է ԱՄՆ-ի Ազգային գիտական խորհրդի կողմից պատրաստված զերկույցում, որը, ըստ օրենքի, երկրի վարչակազմին և Կոնգրեսին է տրամադրվում երկու տարին մեկ անգամ: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Սպիտակ տան Գիտատեխնիկական քաղաքականության վարչության տնօրենի օգնական Կեյ Կոիձումին կարծում է, որ նոր փաստաթուղթն արտացոլում է երկրի գիտության, տեխիկայի, ինժեներիայի և մաթեմատիկայի ոլորտներում առկա պատկերը:
«Տվյալներն սկսում են արտացոլել տագնապալի պատկերը,- հայտարարել է Կոիձումին զեկույցի ներկայացման ժամանակ:- Հետազոտությունների ոլորտում ԱՄՆ-ի` որպես առաջատարի դիրքերը լրջորեն թուլացել են»:
Համաձայն ամերիկացիների գնահատականի` խնդիրը նախևառաջ այն է, որ մրցակիցներն ԱՄՆ-ից առաջ են անցնում գիտատեխնիկական հետազոտությունների և փորձաշինարարական ոլորտներում արված ներդրումներով: Եթե ԱՄՆ-ում նման ծախսերը վերջին 10 տարիների ընթացքում տարեկան աճել են 5-6%-ով, ապա ասիական երկրներում այդ ծախսերը երկու, երեք, երբեմն էլ չորս անգամ ավելի մեծ են:










