Գիտնականները մոտ են գլխուղեղի քաղցկեղի դեմ հաղթանակին
Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի աշխատակիցներն առաջին անգամ իրականացրել են գլխուղեղի չարորակ քաղցկեղի բջիջների` գլիոբլաստոմայի ամբողջական գենոմային հետազոտություն: Հետազոտության արդյունքում գիտնականներին հաջողվել է կազմել տարատեսակ մուտացիաների ամբողջական ցանկը, որոնք նպաստում են չարորակ ուռուցքների առաջացմանը և դրանց տարածմանը ուղեղում: Այս մասին հաղորդում է medportal.ru-ն:
Գլիոբլաստոմայի բջիջների գենոմի վերծանումը գիտնականներին թույլ կտա պարզել այդ հիվանդության պատճառները և մշակել ուռուցքի դեմ դեղորայքային ազդեցության նոր մեթոդներ: Բացի այդ, ուռուցքային բջիջների գենետիկ հատկանիշների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս մշակել գենետիկ ախտորոշման գերզգայուն մեթոդներ, որոնք թույլ են տալիս մշակել բուժման առավել արդյունավետ սխեմա։










