Samsung-ը առաջատար է
Բարձր տեխնոլոգիաների բնագավառում աշխարհի խոշորագույն ընկերությունը Samsung Electronics-ն է: Հասույթի ծավալով հարավկորեացիներն առաջ են անցել Hewlett Packard-ից: 2009թ. Samsung Electronics-ի վաճառքները հասել են 117,8 մլրդ դոլարի:
Hewlett Packard-ի տարեկան հասույթը կազմել է 114,6 մլրդ դոլարի: 2009թ. հարավկորեական հսկայի զուտ շահույթն աճել է 77 տոկոսով` մինչև 8,6 մլրդ դոլար: Ընկերության ֆինանսական բարձր արդյունքները պայմանավորված են հեղուկբյուրեղյա էկրանների և հիշողության կրիչների վաճառքների աճով:
Samsung Electronics Co.-ն կանխատեսում է եկամուտի է՛լ ավելի մեծ աճ: Կենցաղային տեխնիկայի և բջջային հեռախոսների Ասիայի խոշորագույն արտադրողը 2010թ. զգալիորեն կմեծացնի կապիտալ ներդրումները՝ մինչև 7 մլրդ դոլար:
Հարավկորեական ընկերության 48 տոկոսը պատկանում է օտարերկրյա ներդրողներին: Samsung-ն ինֆորմացիոն կրիչների և հեղուկբյուրեղյա էկրանների արտադրության համաշխարհային առաջատարն է, իսկ բջջային հեռախոսների շուկայում զիջում է միայն Nokia-ին: Samsung-ը միկրոսխեմաներ է մատակարարում Apple-ի iPhone-ների համար:
Ըստ կանխատեսումների՝ ընթացիկ տարում Samsung-ի եկամուտը կգերազանցի Ճապոնիայի խոշորագույն տեխնոլոգիական 15 ընկերությունների ընդհանուր եկամուտին:










