Ինչո՞ւ են բրոնզե մեդալակիրներն ավելի երջանիկ, քան արծաթե մեդալակիրները

12:03 • 20.02.10

Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներն ավելի երջանիկ են, քան արծաթե մեդալակիրները։ Այդ մասին հաղորդում է AFP-ն։

Այս ենթադրության համար հիմք է դարձել Օլիմպիական խաղերի մրցանակակիրների լուսանկարների և տեսաձայնագրությունների վերլուծությունը։ Աշխատանքներին մասնակցել են մի քանի գիտնականներ, ովքեր պետք է գնահատեին արծաթե և բրոնզե մեդալակիրների դիմաշարժը՝ պարզելու, թե ով ավելի երջանիկ տեսք ունի։

Ինչպես նշել է հոգեբաններից մեկը, որպես կանոն բրոնզե մեդալակիրներն ավելի լավ և վստահ են իրենց զգում, քան արծաթե մեդալակիրները։ Մասնագետը դա պայմանավորել է այն հանգամանքով, որ երրորդ լավագույն արդյունքը ցուցաբերած մարզիկները որակում են իրենց մրցանակը որպես հաղթանակ՝ առաջնորդվելով «գոնե ինչ-որ բան շահեցի» սկզբունքով։ Մինչդեռ արծաթե մեդալակիրները մտածում են, որ բաց թողեցին ոսկե մեդալ շահելու հնարավորությունը։