iPhone-ի հավելվածները եկան Հայաստան, մնաց iPhone-ը

15:15 • 22.02.10

Սպառողների շրջանում մեծ ճանաչում գտած iPhone հեռախոսների արտադրող Apple ընկերությունը հայտարարել է, որ ևս 13 երկրների քաղաքացիներ հնարավորություն ունեն բեռնելու iPhone–ի հավելվածները (application), որոնց թվում է նաև Հայաստանը։ Դրանք խաղեր և զանազան այլ ծրագրեր են, որոնք iPhone–ի օգտատերերը կարող են վճարովի կամ անվճար հիմունքներով ներբեռնել ընկերության AppStore ինտերնետային խանութից։

Այնուամենայնիվ, iPhone-ը, որն արտասահմանցիների համար արդեն վաղուց դարձել է կենցաղի անբաժան մաս, դեռևս բավականաչափ տարածված չէ Հայաստանում, չնայած դրա նկատմամբ առկա պահանջարկին։
Դրա պատճառներից մեկն էլ այս հեռախոսի՝ մինչ այժմ մեր երկրում պաշտոնապես ներկայացված չլինելն է։ Չնայած Apple ընկերությունը արդեն 5 տարի Հայաստանում պաշտոնապես ներկայացված է՝ ի դեմս «Այ Սթոր» (iStore) ընկերության (նախկինում՝ Apple Centre), այնուամենայնիվ, ընկերությունը մինչև այժմ չի ներկայացրել iPhone հեռախոսները մեր երկրում։

Դրա պատճառը, ինչպես մեզ ներկայացրեց ընկերության գործադիր տնօրեն Էռնեստ Մարդոյանը, այն է, որ ըստ Apple ընկերությունում ընդունված կարգի, iPhone–ի դիստրիբուցիան իրականացվում է միմիայն բջջային օպերատորների միջոցով, իսկ պաշտոնական ներկայացուցչությունները, ինչպիսին նաև «Այ Սթոր» ընկերությունն է, իրականացնում են հեռախոսների հետվաճառքային տեխնիկական սպասարկումը։ Բացի այդ պարոն Մարդոյանը մեզ տեղեկացրեց, որ առանց մեր երկրում AppStore–ի պաշտոնական գործարկման՝ այդ հեռախոսները մեր երկիր չէին կարող պաշտոնապես ներկայացվել, քանի որ հեռախոսը ձեռք բերելիս այն անհրաժեշտ է ակտիվացնել AppStore–ի միջոցով։

Նշենք, որ iPhone–ը դեռ անցյալ տարեվերջին Հայաստան բերելու խոստում տվեց «Օրանժ Արմենիա» բջջային օպերատորը, ինչը սակայն մինչև օրս չի իրագործվել։ Ընկերության մամուլի քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ «Օրանժ Արմենիան» այդ մտադրությունից չի հրաժարվել, պարզապես անորոշ ժամանակով այն հետաձգվել է։